Մերձդնեստրը պատրաստ է ռուսական ՀՀՊ համակարգեր տեղադրել իր մոտ, եթե Մոսկվան այդ մասին խնդրի չճանաչված հանրապետության իշխանություններին: Այդ մասին փետրվարի 15-ին Մոսկվայում հայտարարել է Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովը:
«Մենք վաղուց ենք ասել՝ պատրաստ ենք, մենք խնդրել ենք Ռուսաստանի ռազմական ներկայությունը հավերժ պահպանել, … մենք չենք առարկում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությանը մեր տարածքում՝ Մերձդնեստրի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների կյանքի պաշտպանության համար»,- Սմիռնովի խոսքերն է մեջբերել «Մայակ» ռադիոկայանը:
Մեկնաբանելով Ռումինիայում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղադրման փաստը՝ նա նկատել է, որ թեեւ որոշումը «Ռումինիայի ներքին գործն է», ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրումը «կայունացնող գործոն չի լինի»:
Հիշեցնենք, որ այսօր մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, թե Տիրասպոլն արդեն դիմել է Մոսկվային Մերձդնեստրում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղադրման առնչությամբ:




























