60-ից ավելի այցելուներ թունավորվել են դանիական հայտնի Noma ռեստորանում: BBC-ն տեղեկացնում է, որ ռեստորանն ակտիվում ունի Միշլենի հնարավոր երեքից երկու աստղը, իսկ բրիտանական Restaurant ամսագիրն այն աշխարհում լավագույնն էր ճանաչել:
Դանիայի առողջապահական ծառայությունների տվյալով՝ Կոպենհագենի հայտնի ռեստորանի 78 հաճախորդներից 63-ը գանգատվել են սրտխառնոցից եւ փորլուծությունից: Փորձագետներին առայժմ չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը: Ենթադրում են, որ ուտելիքը վարակվել է հաստատության աշխատակցից:
Noma ռեստորանն իր դռները բացել է 2004թ., գրում է rbc-ն: Սեփականատերերը բացառիկ ուշադրություն են հատկացնում մանրուքներին եւ տեղական արտադրության թարմ մթերքներ են կիրառում: Երբեմն ճաշատեսակներին հյուսիսային խոհանոցին բնորոշ անսպասելի հավելումներ են արվում, օրինակ՝ մամուռ եւ մրջյուններ:
Հաստատության միջին կտրոնը մոտ 260 դոլար է: Երեք տարում ռեստորանը բրիտանացի փորձագետների կազմած լավագույն ռեստորանների վարկանիշում կայուն պահպանել է առաջին հորիզոնականը:




























