Ինչպես հայտնի է, դեռ անցած տարվանից օտարերկրյա երեք ավիաընկերություններ դադարեցրել են իրենց չվերթները Երեւան: Ուղեւորների պակաս կարծես թե չկա, սակայն ո՞րն է եղել նման որոշման պատճառը: Հարցի պարզաբանման համար դիմեցինք Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանին:
Ըստ մեր զրուցակցի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը զարգանում է «ոչ այնպես», ինչպես պետք է սկզբունքորեն զարգանա: Օրինակ, մեր աշխարհագրական դիրքը միանգամայն ապահովում է «օդային ճանպարհի խաչմերուկի» ֆունկցիան: Դրա համար այն բավականին անվիճելի առավելություններ ունի:
Օրինակ, մեր օդանավակայանը գրեթե միշտ բաց է, քանի որ անբարենպաստ, ոչ թռիչքային եղանակ տարվա ընթացքում գրեթե չի նկատվում: Սարքավորումներն այնտեղ ժամանակակից են եւ նախատեսված ավելի մեծ ծանրաբեռնվածության համար: Այդ սարքավորումները էժան չեն եւ պահանջում են պահպանման մեծ ծախսեր: Իսկ ծախսերը համամասնորեն բաժանվում են ավիաընկերությունների վրա, որոնց օդանավերին սպասարկում է օդանավակայանը:
Հասկանալի է, որ որքան քիչ են չվերթերն, այնքան ծախսերի ավելի մեծ բաժին է ընկնում յուրաքանչյուր թռիչքի վրա: Եւ հակառակը, չվերթերի մեծ քանակության դեպքում, յուրաքանչյուր թռիչքին բաժին ընկնող ծախսը կրճատվում է, ինչն իր հերթին բերում է ավիատոմսի գնի նվազման: Եթե մենք ունենայինք երկրորդ տարբերակը, ապա «Զվարթնոցը» մի շարք ծառայությունների մասով կլիներ այլ երկրների առաջատար օդանավակայանների թվում:
Սակայն, ցավոք, մեզանում թռիչքները քիչ են, արդյունքում ստացվում է, որ օդանավերի թռիչքի եւ վայրէջի ծախսերը մեր օդանավակայանում 2-3 անգամ ավելի բարձր են, քան մյուս օդանավակայաններում: Օդանավակայանի մյուս ծառայություների համար գներն ու սակագները նույնպես ավելի բարձր են, քան արտասահամանում, որոշ տվյալներով, 3-4 անգամ: Նույնն է պատկերը վառելիքի հարցում, որի գինը 20-30%-ով ավելի բարձր է, քան այլ երկրներում: Այդ իսկ պատճառով, նման գների պարագայում օդանավակայանը «ոչ շահավետ» է դառնում ավիաընկերությունների համար...
Թվում է փակ շղթա է ստացվում, սակայն Դ. Ադբաշյանի խոսքով, ելք կա. «Զվարթնոցը» պետք է դարձնել այսպես կոչված հանգուցային օդանավակայան (airline hub), որն ավիաընկերություններն օգտագործում են որպես ուղեւորների տեղափոխման կետ եւ որը համակցվող չվերթների մեծ հնարավորություն ունի: Այլ կերպ ասած` օդանավակայանը տարանցիկ ուղեւորների փոխանակման վայր է հանդիսանում: Այդ դեպքում չվերթների քանակը «Զվարթնոցում» կավելանա:
Ադբաշյանի խոսքով` այդպես են աշխատում Մոսկվայի «Շերեմետեւո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» օդանավակայանները: Ըստ նրա` դեռեւս 1992 թ-ին հայ գործընկերներին նման առաջարկ էր արել Փարիզում «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցիչ Անատոլի Ռիժենկովը, քանի որ Եվրոպայից Ռուսաստանի արեւելք մեկնող ուղեւորները խուսափում էին Մոսկվա տարանցիկ վայրէջքից: Պատճառն այն էր, որ ռուսական մեգապոլիսում մեկ օդանավակայանից դեպի մյուսը գնալը բավական երկար է տեւում եւ բավականին անհարմարություններ է ստեղծում ուղեւորների համար:
Մասնագետի կարծիքով` «Զվարթնոցը» հանգուցային դարձնելու համար բոլոր պայմանները կան: Վերջերս գործարկվել է նոր տերմինալը, այնպես որ հինը կարելի է նախատեսել տարանցիկ ուղեւորների համար:
Սակայն Դ. Ադբաշյանն ափսոսանքով նշեց, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, ինչն էլ հանգեցնում է օդանավակայանի եւ ավիաընկերությունների փոխհարաբերությունների լարվածությանը: Գաղտնիք չէ, որ «Արմավիա» ավիաընկերությանը բառացիորեն խեղդեցին «օդանավակայանի գներով», ինչի արդյունքում ընկերության աշխատակազմը ցրվեց...
Եզրափակելով` ավելացնենք, որ չվերթները վերսկսելու հարցին ի պատասխան լեհական օդանավակայնից հայտնեցին, որ թռիչներն առայժմ չեղյալ են համարվել, սակայն նոյեմբերին հնարավոր է «վերահաշվարկից» հետո վերկանգնվեն: Ենթադրվում է, որ վերահաշվարկը կլինի ավիատոմսերի գների բարձրացման կողմը...
Ալբերտ Խաչատրյանը




























