Սլովենիայի կաթոլիկ եկեղեցին 80 հազար եվրո փոխհատուցում կվճարի մանկապիղծ հոգեւորականի զոհին: Նման վճիռ է կայացրել Մարիբորի շրջանային դատարանը: Կասկածյալը չի համբերել մինչեւ դատը եւ խոստովանել է դպրոցականների նկատմամբ ոտնձգությունները, որոնց կրոն էր դասավանդում:

Դատարանը սահմանել է, որ եկեղեցին ցանկացած դեպքում պատասխանատվություն է կրում եկեղեցու սպասավորների պատճառած վնասի համար:

Այս վճիռն աննախադեպ էր, քանի որ առայսօր մանկապիղծ հոգեւորականների  արարքների պատասխանատվությունը եկեղեցու վրա չէր տարածվում, հայտնում է NEWSru.com-ը:

Գործի նյութերից հետեւում է, որ Մարիբորի արքեպիսկոպոսության թեմերից մեկում ծառայող հոգեւորական Կարլ Յոշտը 2007թ. մեղադրվել էր 15 տարեկանից փոքր աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների 16 դեպքերում: Սակայն հոգեւորականը վախճանվել էր 64 տարեկանում` դատական գործընթացի ավարտից առաջ, որի ընթացքում նա տնային կալանքի էր ենթարկված:

Գործը փակվել էր մեղադրյալի մահվան պատճառով, սակայն զոհերից մեկը հասել էր առանձին դատական վարույթի: Նա 140 հազար եվրո փոխհատուցում էր պահանջում Մարիբորի արքեպիսկոպոսությունից, Ցելյե քաղաքի թեմից եւ այն համայնքից, որտեղ ծառայում էր մահացած մանկապիղծ հոգեւորականը: