Փետրվարի 27-ից մարտի 24-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում ցուցադրվել է «Քարերի գաղտնիքն ու հմայքը» ցուցահանդեսը` նվիրված Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյա հոբելյանին: Անիի ճարտարապետությանն ու խորհրդանիշներին նվիրված այս յուրօրինակ ցուցահանդեսի հեղինակն է ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը:
Մարտի 7-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց պրոֆեսոր Գրիգորյանի դասախոսությունը: Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, ողջունելով ներկաներին, անդրադարձավ հայկական բազմադարյան ճարտարապետությանը և դրա ազդեցությանը համաշխարհային ճարտարապետական ավանդույթների վրա:
Պրոֆեսոր Գրիգորյանն իր դասախոսությամբ հյուրերին մանրամասն ներկայացրեց հայկական ճարտարապետության ակունքները, խորհրդանշային համակարգը, դրա կիրառումը ինչպես Անիում, այնպես էլ ընդհանուր ճարտարապետական ոճում:
«Քարերի գաղտնիքն ու հմայքը» ցուցահանդեսը հետագայում կցուցադրվի նաև կանադական մի շարք այլ քաղաքներում:



























