«Իրատես de facto» թերթը զրուցել է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի հետ՝ մեկ տարվա լռությունից հետո: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«- Քաղաքականությունը հաշվա՞րկ է սիրում, թե՞ անակնկալ:

- Քաղաքականությունը միանշանակ հաշվարկ է, բայց հաշվարկելը բոլորին տրված չէ: Հարց է` առաջնորդները ծնվո՞ւմ են, թե՞ ստեղծվում: Իմ խորին համոզմամբ` ծնվում են, ընդհանրապես առաջնորդները եւ աշխարհի խոշոր գործիչները Աստծուց են, առանց Աստծու նրանք չեն կարող գործել:

- Իսկ անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում անհրաժեշտ մարդու ներկայության թե՞զը: Ասենք` պորուչիկ Նապոլեոնի` Ֆրանսիայի կայսր դառնալը:

- Դուք կարծում եք` պատահականությո՞ւն էր: Բնավ: Հովվի պարսատիկով որդին դառնում է Դավիթ թագավոր ու մեծ փիլիսոփա: Պատահաբա՞ր: Աստծո ձեռքը վրան էր` դարձավ: Իսկ անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում անհրաժեշտ մարդու ներկայության թեզը մարդկանց հնարածն է:

- Երբեւէ չե՞ք մտածել քաղաքականություն մտնել:

- Միշտ էլ մտածել եմ, բայց քաղաքականություն մտնելը մտածելով չի լինում: Եթե քաղաքական գործիչ լինեի, քաղաքականության մեջ կլինեի: 88 թվականից բոլոր հայերը քաղաքականության մեջ են: Պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որ հազար տարուց ոչ պակաս չունի անկախություն եւ հանկարծ սկուտեղի վրա նրան անկախություն են մատուցում: Ամբողջ ժողովուրդը սկսում է զարթոնք ապրել, այդ զարթոնքի մեջ բնական է, որ քաղաքականությունը` լինելով ամենաբարդ ասպարեզը, ներառելով մշակույթ, գիտություն, պատմություն, բիզնես, թվում է բոլորին հասանելի: Դուք Նապոլեոնի անունն եք տալիս, բայց Նապոլեոն կայսեր ու Դավիթ թագավորի նման անհատները հարյուր, եթե չասեմ հազար տարին մեկ են գալիս: Հայ ազգը արդյոք ունեցե՞լ է, ունի՞ կամ կունենա՞ այդպիսի քաղաքական գործիչ:

- Կենսատարա՞ծք է պետք` մասշտաբի խնդի՞ր է:

-Երեւի: Համենայն դեպս, Բալզակը, Գյոթեն, Դոստոեւսկին, Չեխովը չէին կարող փոքր երկրի ծնունդ լինել:

- Կարող էին:

- Կարող եք ասել` Թումանյան է ծնվել, Իսահակյան, Չարենց, նրանք տաղանդավոր մարդիկ են, բայց Դոստոեւսկի, Բալզակ, Գյոթե չեն: Խնդիրը ոչ թե տաղանդի, օժտվածության մեջ է, այլ լայն հասարակական գործընթացների, տրամադրությունների արտահայտման: Այդպիսի մարդիկ փոքր երկրներում կարող են ծնվել, բայց մեծ չեն դառնում: Հայաստան, Վրաստան, Բելգիա, Հոլանդիա, Ավստրիա` ուր ուզում է լինի: Միջավայրն է ծնում հզոր գործչին:

- Նորվեգիան մեծ երկի՞ր է, կամ Ավստրիան, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողներ ունեն:

- Նոբելյան մրցանակի դափնեկիր լինելը դեռ չի նշանակում, որ գրողը մեծ է: Նոբելը հրաշալի մտահղացում է ունեցել` խրախուսել գիտնականներին, գրողներին, բայց սահմանել է մրցանակն ու հեռացել, իսկ հիմա այդ մրցանակը քաղաքականացվում է եւ դժվար է իրական գնահատական համարել: Գյոթեն, Բալզակը, օրինակ, Նոբելյան մրցանակակիր չէին, նրանց այդ մրցանակը պետք էլ չէր, եթե նույնիսկ նման մրցանակ լիներ:

- Այսինքն` մեծ գրող դառնալու համար երկիրդ պետք է մեծ լինի, գաղափարդ, ասելիքդ ու ընթերցողներիդ դաշտը:

- Շատ պայմանական է «մեծ գրող» հասկացությունն ինքը. Սեւակը, Թումանյանը, Բակունցը մեծ գրողներ են, բայց համաշխարհայի՞ն են: Այո, միջավայրը որոշիչ է: Ինչպե՞ս կարող է, օրինակ, Հայաստանում Քըրքորյան, Գյուլբենկյան կամ Մանթաշով բիզնեսմեն լինել: Մարտի 3-ին Մանթաշովի ծննդյան օրն էր, նա մեր մեծագույն գործարարներից ու բարերարներից մեկն է, բերնեբերան նրա մասին ժողովրդի մեջ մինչեւ հիմա պատմում են: Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան` նրա համար փոքր են եղել, սկսել է Անգլիայի, Գերմանիայի, Հոլանդիայի հետ առեւտուր անել: Իր ժամանակի այդ աշխարհագրությունը պատկերացնո՞ւմ եք:

- Հիմա ի՞նչ: Մեր ազնիվ ցեղը գնա-կորչի՞:

- Մեր ցեղը երբեք չի կորչի, որովհետեւ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք:

- Շատ բարձրագոչ չի՞ հնչում:

- Մենք ընտրյալ ժողովուրդ ենք: Համեմատեք աշխարհի մյուս ժողովուրդների հետ եւ հաշվեք` մեծ ու հզոր պետությունների մեջ իր տեսակարար կշռով հայ ժողովուրդը ո՞ր տեղում է իր հայտնի մարդկանցով:

- Իսկ ասելիք ունի՞: Ընդունեք, որ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդները նաեւ ծերանում են` երիտասարդ ժողովուրդների համեմատությամբ:

- Մենք հաճախ ենք ասում Եվրոպա` քաղաքակրթությունների կենտրոն, բայց պիտի հասկանանք, որ արեւմտյան արժեքների պատրանքներն անցողիկ են, հայ ժողովուրդը, հայոց պետությունը պետք է ունենա իր ուրույն վերաբերմունքը: Կրթության բնագավառում: Սպորտի: Տնտեսության: Մշակույթի: Հայ ժողովուրդը չպետք է կցորդ դառնա խոշոր պետությունների անգիր արած գաղափարներին: Հայ ժողովուրդը ինքը կարող է առաջնորդ ու առաջատար լինել, այս փոքրիկ պետությունում կարող են ծնվել մեծ գաղափարներ: Ուղղակի մենք պետք է քաջություն ունենանք եւ եվրոպական հորձանքի գիրկը չընկնենք: Եվրոպական արժեքները շատ դրական ու կարեւոր ուղենիշներ ունեն, բայց կա եւ շատ բացասականը: Հերիք չէ միասեռականների ամուսնություններն են թույլատրվում, հիմա էլ նրանց թույլ են տալիս երեխաներ որդեգրել, որ անթույլատրելի է բոլոր հարթություններում: Մենք պիտի կարողանանք ամբողջ աշխարհին ապացուցել, որ մարդկության ու պետության հիմքը ընտանիքն է: Ընտանիքը սուրբ հասկացություն է: Դա Եվրոպան էլ է քաջ գիտակցում, բայց երկրորդ պլան է մղում: Ամուսնությունն ընդհանրապես պիտի լինի շատ ամուր ու խոր հիմքերի վրա, որոնք բացառեն բաժանության հավանականությունը: Մեր ավանդական արժեքները մենք պիտի վերականգնենք: Պետության հիմքը ամուր ընտանիքն է:

- Ձեր կարծիքով` այս պահին Հայաստանի Հանրապետության առաջին երեք կարեւոր խնդիրները որո՞նք են:

- Կարեւորը չի կարող առաջին երեք կամ երկրորդ երեք լինել, կարեւորը կարեւոր է` առանց համարակալման: Կարեւորը երկրի անվտանգությունն է, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, հավատը, ապագայի նկատմամբ հավատը»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն: