Աթենքի Պանդիո համալսարանի «Սակիս Կարայորղաս» դահլիճում, մարտի 6-ին տեղի է ունեցել Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիներին նվիրված գիտաժողով:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը եւ Պանդիո համալսարանը, գլխավոր բանախոսը` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր պրոֆ. Գրիգորիս Ցալտասը եւ նրա տեղակալ պրոֆ. Վանգելիս Պրոցասը:
Ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, համալսարանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի դասախոս Ստելիոս Բերակիսը:
ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրել է ԼՂՀ հիմնահարցի ու հակամարտության ծագման պատմությունը, կարգավորման ներկա փուլը` մասնավորապես նշելով, որ. «ԼՂՀ անկախացման պահից սկսած` Հայաստանը կառուցել է իր հարաբերությունները ԼՂՀ հետ` որպես դե-ֆակտո կայացած պետության հետ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համագործակցությունը կարգավորված է տասնյակ երկկողմ պայմանագրերով, որոնք ընդգրկում են սոցիալական, մշակութային, տնտեսական, ֆինանսական, իրավական, պաշտպանության ոլորտները: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ուժի կիրառման սպառնալիքները` Հայաստանը մշտապես պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին` Ադրբեջանի ռազմական ագրեսիան հետ մղելու եւ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու գործում»: Անդրադարձ է կատարվել նաեւ Սումգայիթյան ոճրագործությանը:
Օրվա գլխավոր բանախոս` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացների ու հեռանկարների վերաբերյալ: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է, որ արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը հետընթաց չի արձանագրում, եւ ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: Անդրադառնալով Ադրբեջանի անհանդուրժողական, ապակառուցողական կեցվածքին` նա նշել է, որ «մենք ապրում ենք 21-րդ դարում եւ ականատեսն ենք իրողությունների, երբ խնդիրները լուծվում են կամ փորձ է արվում դրանց լուծումը գտնելու քաղաքակիրթ երկխոսության հարթակում, եւ հիմք է ընդունվում ոչ թե կողմերից մեկի, այլեւ բոլորի շահերը»: Անդրադառնալով հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակներին` պրն. Ղուլյանը նկատել է, որ «ստեղծված իրավիճակում չենք կարող հուսալ, որ Ադրբեջանը կճանաչի եւ կհարգի ԼՂ ժողովրդի ինքնորոշումը, թեեւ դա կլիներ հարցի լուծման ամենաընդունելի տարբերակը: Ուստի մնում է առաջարկել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, այդպիսով կանխի անկայունության վտանգը, հնարավորություն ստեղծի, որպեսզի Ադրբեջանը եւ Արցախը որպես իրավահավասար կողմեր, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ գտնեն լուծումները»:
ԼՂՀ ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին միջազգային հանրության դերակատարությանը, Հունաստանի դիրքորոշմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին, Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը:
Ցուցադրվեց Արցախի մասին պատմող տեսաերիզ:
Միջոցառմանը ներկա են եղել Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Ազգային վարչության, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, ՌԱԿ-ի շրջանային վարչության, ՀԲԸՄ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի, Հայ Կապոյտ Խաչի, Համազգայինի, ՀՄԸՄ, ՀՀԴ երիտասարդական միության, հույն գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ ու լրագրողներ:




























