Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերանայել է 2008 թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը», շրջանառության մեջ դնելով նոր ծրագիր՝ «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր» անվամբ:
Բավական հետաքրքիր անվանափոխություն է, եթե հաշվի առնենք, որ Կայուն զարգացման ծրագիրն էլ փոխարինում էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին: Ստացվում է, որ աղքատությունը հաղթահարեցինք, կայուն զարգացման փուլն անցել ենք, մնում է մտածել միայն հեռանկարների մասին:
Մի կողմ թողնենք այն բանավեճը, թե ինչներիս է պետք նման ծրագրեր մշակելն ու ընդունելը՝ հաշվի առնելով բոլոր տեսակի երկարատեւ կանխատեսումների անհեռանկարայնությունը: Չէ՞ որ այս ծրագրերը 10-15 տարվա կտրվածքով նպատակադրումներ են պարունակում: Նշենք միայն, որ Աղքատության հաղթահարման ծրագիրը վերանայվեց, քանի որ զարգացման տեմպերն ավելի արագ էին, քան կանխատեսվում էր, իսկ Կայուն զարգացման ծրագիրը վերանայվում է, քանի որ զարգացման տեմպերը կանխատեսվածից ավելի դանդաղ են:
Կայուն զարգացման ծրագիրն ընդունվել էր մինչ ճգնաժամը, ու որոշակիորեն կրում էր էքստենսիվ զարգացման շրջանի ազդեցությունը:
Հեռանկարային զարգացման ծրագրի նախագիծն ակնհայտորեն չափավոր տեմպերի վրա է հիմնված ու փորձում է ավելի մեծ ուշադրություն դարձնել ինստիտուցիոնալ փոփոխություններին: Օրինակ՝ Կայուն զարգացման ծրագրում նախատեսվում էր 2021 թ. ունենալ 6,8% աղքատություն, այնինչ Հեռանկարային զարգացման ծրագրում նույնիսկ 2025 թ. կունենանք 13,6% աղքատություն: Ընդհանրապես՝ Կայուն զարգացման ծրագիրը չափից ավելի մեծ ուշադրություն էր դարձնում աղքատության կրճատմանը, իսկ Հեռանկարային զարգացման ծրագրում շեշտադրումը փոխադրվել է դեպի զբաղվածության աճ:
Նոր ծրագրում կառավարությունն ակնհայտորեն փորձում է ապահովագրվել ռիսկերից ու անորոշություններից, առավել եւս, որ հանրային քննադատական միտքը կենտրոնանում է ընտրված թիրախների ու դրանց կատարողականների վրա, մի կողմ թողնելով իրականացվող քայլերի տրամաբանությունը: Այս տեսանկյունից՝ ներկայացված նոր նախագիծն անթերի է, սակայն բանի պետք չէ, եթե փորձենք գնահատել քաղաքականությունը: Չափից ավելի են դեկլարատիվ հայտարարությունները, չհիմնավորված եզրակացությունները, իրավիճակի ոչ օբյեկտիվ գնահատականները:
Օրինակ՝ ըստ նախագծի կանխատեսումների ռիսկերը պայմանավորված են բացառապես արտաքին գործոններով: Սակայն այս շաբլոն արտահայտություններն արդեն վաղուց հնացել են; Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանո՞վ կառավարությունը կարող է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, թույլ տալ քաղաքացիական հասարակության կայացումը, կայացնել դատական համակարգերը: Այստեղ ռիսկերն ավելի շատ են, քան արտաքին աշխարհներում: Ու այդ ռիսկերի հետ մենք ամեն օր էլ բախվում ենք: Չմոռանանք, որ Հայաստանն ունի ցածր արտադրողական ու անհաջող կառուցվածքով տնտեսություն, որն իր բնույթով քիչ մրցունակ է: Այս պարագայում ամեն ինչում մեղադրել արտաքին գործոններին՝ այնքան էլ ճիշտ չէ:
Կամ մեկ այլ օրինակ; Կառավարությունը պարբերաբար կանխատեսում է, որ գնաճի ցուցանիշը միշտ լինելու է նորմալ, տվյալ պարագայում՝ ոչ ավելի 5,5%-ից: Մենք մշտապես ունենում ենք շեղումներ այս կանխատեսումներից, ու վաղուց համոզվել ենք, որ կենտրոնական բանկն ի զորու չէ երկարատեւ միջակայքում ցածր գնաճ ապահովել: Սակայն կառավարությունը համառորեն հավատում է ԿԲ հնարավորություններին ու ըստ այդմ ծրագրեր կազմում: Բայց բավական է, որ գյուղատնտեսական տարին անհաջող լինի, ու գնաճը դուրս է գալիս սահմանված միջակայքից: Իսկ ենթադրել, որ 10 տարի շարունակ ունենալու ենք բնակլիմայական լավ պայմաններ, իհարկե, անթույլատրելի է, որքան էլ մեր նախարարները աղոթեն Աստծուն: Միակ դրական բանն այն է, որ նախագծում ակնարկել են դրամավարկային քաղաքականության ճկունության անհրաժեշտության մասին, սակայն մոռացել են նշել, որ դրամավարկային պայմանների թուլացումը կարող է գնաճային ճնշումներ առաջացնել՝ հերթական անգամ սահմանադրական փոփոխությունների պահանջ առաջադրելով:
Ընդհանուր առմամբ՝ կառավարության առաջադրած նատակների (կանխատեսումների) ու դրանց հասնելու միջոցների համարժեքության հարցը դեռեւս օրակարգում է:
Սամվել Ավագյան



























