Վերջին շրջանում հացադուլը դարձել է Հայաստանում քաղաքական պայքարի հիմնական մեթոդներից մեկը, ընդ որում, դա արվում է հրապարակային, լրատվամիջոցների լայն լուսաբանմամբ: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ցանկացած ժողովրդի քաղաքական մշակույթի կարեւոր բաղկացուցիչ են քաղաքական պայքարի մեթոդները: «IFES» կազմակերպության պատվերով 2002 եւ 2003 թվականներին սոցհարցում անցկացվեց, համաձայն որի պետական պաշտոնյաների վրա ազդելու միջոցների մեջ առաջին տեղում խաղաղ ակցիաներն էին` 30 տոկոս: Հաջորդում են բողոքի հրապարակային ակցիաները (գործադուլ, քաղաքացիական անհնազանդություն)` 20,5 տոկոս, լրատվամիջոցների ազդեցությունը` 8,5 տոկոս, ահաբեկչություն, հեղաշրջում, հեղափոխություն` 7,5 տոկոս, հանդիպում պաշտոնյայի հետ` 6 տոկոս, ապստամբություն` 5 տոկոս, նամակ պաշտոնական ատյաններին` 4,5 տոկոս, դառնալ կուսակցության անդամ` 2 տոկոս, դառնալ ՀԿ անդամ` 1 տոկոս»,- նշել է սոցիոլոգը:

Ըստ սոցիոլոգի, ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն պետության ղեկավարը, կուսակցության առաջնորդը չի կարող իրեն նման բան թույլ տալ: «Եթե ինչ-որ մեկն անում է, նա ժողովրդին մոլորության մեջ է գցում: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում ստացել է ձայների մեծամասնություն, թող ժողովուրդը դուրս գա փողոց եւ պայքարի իր ձայների համար, թող մարդիկ պիկետներ, հեղափոխություն անեն: Բայց հայերը հակված չեն կտրուկ գործողությունների, հայ ժողովուրդն ընդունակ չէ հեղափոխություն անելու»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am