Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների կեսը Շիրակի մարզից են:

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի Մշակույթի համալսարանում կազմակերպված մամուլի ասուլիսում ստամբուլահայ Ալին Օզինյանը ներկայացրել է Թուրքիայում անօրինական հայերի խնդրի հետ կապված հետազոտության արդյունքները:

«Հայաստանից Թուրքիա եկածների 96 տոկոսը կանայք են, իսկ մնացած 4-ը` տղամարդիկ: Կանանց 72 տոկոսը տներում մաքրարար է աշխատում, 18-ը` հիվանդ խնամող, մնացածը տարբեր աշխատանքների մեջ են: Ամսական աշխատավարձը տատանվում է 1000 դոլարի սահմաններում: Տղամարդիկ էլ հիմնականում զբաղվում են կոշկակարությամբ եւ ոսկերչությամբ»,- նշել է Ալին Օզինյանը, ավելացնելով, որ Թուրքիայում հայկական արմատներով գործատուները հայաստանցիներին ավելի վատ են վերաբերվում, քան թուրքերը, իսկ հայ գործատուների մոտ Հայոց ցեղասպանությունից խոսելուց անմիջապես հետո սառնություն է նկատվում:

Ըստ Ալին Օզինյանի՝ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիները Թուրքիայում լույս աշխարհ են բերել մոտ 600-800 երեխաներ, որոնք ոչ մի երկրի քաղաքացիություն չունեն եւ չեն հաճախում դպրոց: