2013 թ. Հայաստանում նախատեսում են փոփոխել հանքային ջրի պետական ստանդարտը (ՀՍՏ): Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան («Բջնի» եւ «Նոյ» ջրի արտադրող) ՓԲԸ որակի հսկման բաժնի ղեկավար եւ փորձարկման լաբորատորիայի վարիչ Արտաշես Կարապետյանը, ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբը քննարկում է հանքային ջրի պետստանդարտի (ՀՍՏ 191-2000) եւ 2009 թ. ընդունված տեխնիկական կանոնակարգի համապատասխանեցումը:
Խոսքը, մասնավորապես, հանքային ջրի մեջ քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) մասին է: 2009 թ. կանոնակարգում մի շարք նյութերի ՍԹԿ-ները առաջին 4 տարվա համար (մինչեւ 2013 թ. մայիսը) ավելի մեղմ էին սահմանված: Սա վերաբերում է կապարին, արսենին, սելենին, ցիանիդներին, նիտրիտներին եւ մի շարք այլ նյութերին: «Սակայն պետստանդարտում դեռեւս պահպանված են նախկին՝ բարձր ՍԹԿ-ները, որոնք փոփոխության կարիք ունեն», - պարզաբանեց Ա. ՚Կարապետյանը:
Մեկ այլ հարց է պետստանդարտների միգրացիան՝ նոր բազայի վրա (ԳՈՍՏ-երից ISO ստանդարտներ): «Սա եվրոպական շուկան ավելի հասանելի կդարձնի: Ճիշտ է, այնտեղ պահանջված են նոր հանքային ջրերի տեսակներ, սակայն առանց ISO համապատասխանության դժվար է մտածել այդ շուկայում տեղ գտնելու մասին: Մեր ձեռնարկությունն արդեն ունի ISO 9001:2008 («Որակի կառավարման համակարգեր») ստանդարտի համակարգ, սկսել ենք փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը` համաձայն ISO 17025:2004 («Փորձարկման եւ ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ») ստանդարտի: Սա միջազգայնորեն ճանաչելի կդարձնի մեր լաբորատորիայի տվյալները: Դրանից բացի, անցնում ենք ISO 22000:2005 («Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր») ստանդարտի սերտիֆիկացիան», - հավելեց Ա. Կարապետյանը:
Խոսելով եվրոպական եւ ամերիկյան շուկաների մասին` Ա. Կարապետյանը կարեւորեց ՀՀ-ում ISO ստանդարտներով աշխատող հավատարմագրված անկախ փորձարկման լաբորատորիայի անհրաժեշտության մասին: «Այսօր շատ սերտորեն աշխատում ենք «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի հետ: Սա հատկապես կարեւորում եմ առաջին հերթին որպես հայ եւ ՀՀ քաղաքացի, որովհետեւ գիտականորեն մշտապես հետազոտվող հանքային ջուր ունենալն առաջին հերթին պետության հպարտությունն է»,- ավելացրեց Ա. Կարապետյանն ու հավելեց. «Ճիշտ տեղեկատվությունը, հավելեց նա, կարեւոր է նաեւ սպառողին հասցնելը. Լինելով հմաշխարհային շուկայի կարեւորագույն պրակտիկաներից մեկը՝ ՀՀ-ում այսօր, ցավոք, այն դեռ ցածր մակարդակի վրա է»:




























