Մարտի 13-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի եւ Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես է եկել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր ելույթում կարեւորել է հայ ինքնության պահպանման հետ կապված խնդիրները: Նախարարը նշեց, որ հայության երկու երրորդը աշխարհասփյուռ է եւ, բնականաբար, այլ երկրներում հայ ինքնությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Մյուս կողմից տեղի է ունենում հայադարձության  գործընթաց: Հ. Հակոբյանը խոսել է կրոնափոխ եւ ծպտյալ հայերի ինքնության խնդիրների վերաբերյալ քննարկումների շարք սկսելու անհրաժեշտության մասին: ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է, որ հայ ինքնության գլխավոր հենասյուներն են մայրենին, հայ ընտանիքը, հավատքը եւ մշակույթը: Եվ վերջապես, հայ ինքնության խնդիրները ազգային անվտանգության խնդիրներ են: Նախարարը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը. «Զենքից ու զորքից առավել ոգին է կարեւոր»: Տիկին Հակոբյանը նշել է, որ հայության համար ժամանակի հրամայական է՝ մրցունակ ազգ լինել բնակության երկրում: Հայ երիտասարդը հայ մնալու համար պետք է օրինակներ ունենա, ճանաչի ազգի մեծերին, հպարտանա նրանցով: Ժամանակն է, որ դրսում մեր ժողովուրդը դառնա հայաստանակենտրոն, որպեսզի միասին զորացնենք մեր պետությունը:

Ելույթ են ունեցել նաեւ ԵՊՀ ռեկտոր,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Հեռակապով ներկաներին ողջունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայտոսթյանը: Ողջունելով հյուրերին՝ նա նշել է, որ այս գիտաժողովը կազմակերպելու գաղափարը ծնվեց  Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում Սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի եւ Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ Բեյրութում 2011թ. սեպտեմբերի 2-9-ը կազմակերպված «Հայաստան-Սփյուռք գործակցություն, երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովում: Այսօր ձեւավորվում է Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ներուժի դրսեւորման, համատեղ ծրագրեր իրականացնելու ավանդույթ:

«Ինքնության առեղծվածը. հայ եւ օտար սփյուռքային ինքնություններու տարբերակներ» զեկուցումով հանդես եկավ «Diaspora» պարբերաթերթի հիմնադիր խմբագիր, պրոֆեսոր Խաչիկ Թեոլեոլյանը (ԱՄՆ): Զեկուցողը մասնավորապես նշել է, որ գոյություն ունի ինքնության կազմավորման երեք եզր` տարբերություն, նույնություն եւ հիշողություն, եւ կանգ առավ դրանց առանձնահատկությունների եւ օրինաչափությունների վրա, նա նշել է, որ եթե հայ ինքնության հիմքում ընկած է հիշողությունը, ի տարբերություն որոշ ժողովուրդների, որոնց նոր ինքնության հիմքում ուրացումն ու մոռացություննն է:

Լիբանանահայ մտավորական, արեւմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանը ներկայացրեց «Արեւմտահայերենի անցած հարյուրամյակը եւ անոր մարտահրավերները իբրեւ ինքնության միջոց» զեկուցումը, արեւմտահայերենի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

«Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը իբրեւ հայկական ինքնությունների ձեւավորիչ (ընդհանրություններ եւ առանձնահատկություններ)» զեկուցումով հանդես է եկել պատմական գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը:

Գիտաժողովի առաջին օրն ամփոփվել է քաղաքական գիտությունների դոկտոր, Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի «Հայ ազգանունները իբրեւ ինքնության խորհրդանշան եւ անոնց աղավաղումը» զեկուցումով:

Մարտի 14-ին գիտաժողովը կշարունակի իր աշխատանքը: