Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքէջի միջոցով արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2012թ. զեկույցին:
Արձագանքի մեջ, մասնավորապես, ասված է.
«Կոմիտեն պատրաստակամ կլիներ շտկումներ իրականացնել Օմբուդսմենի ներկայացրած թերացումների ուղղությամբ, պարզապես ցավով է արձանագրում, որ դրանք մեծամասամբ հեռու են փաստարկված, իրատեսական լինելուց եւ որոշ դեպքերում անգամ հասցեական չեն, հետեւաբար, հասարակության շրջանում հնարավոր թյուրըմբռնումից զերծ մնալու եւ լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները բավարարելու նկատառումով անհրաժեշտ է համարում արձագանքել Զեկույցին` ներկայացնելով հետեւյալ պարզաբանումները:
Եվ այսպես, պաշտոնատար անձանց` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին. առավել նպատակահարմար կլիներ, մերկապարանոց հայտարարություններից զերծ մնալու համար, հարկային եւ մաքսային ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կոնկրետ փաստեր ներկայացնել, ՊԵԿ-ն էլ, իր հերթին, նման ծառայողին կենթարկեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչեւ պաշտոնից ազատման: Ինչպես հայտնի է, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների` համապատասխանաբար 13-րդ եւ 25-րդ հոդվածների համաձայն, հարկային եւ մաքսային ծառայողներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կոմիտեն բազմիցս հայտարարել եւ ներկայում եւս փաստում է հովանավորչության բոլոր տեսակի դեպքերով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց, ապա որեւէ օրենքով, այդ թվում եւ երկրի հիմնական օրենքով սահմանափակումներ չկան ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ գործադիր իշխանության մյուս մարմինների պաշտոնատար անձանց համար:
Ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ թերի միջոցառումների մասին. ստվերային տնտեսության նվազեցման խնդիրը միայն ՊԵԿ-ի «մենաշնորհը» չէ. հասարակության բոլոր կողմերի հետեւողական ջանքերի հանրագումարը միայն կարող է նկատելի արդյունք տալ: Անցած տարի կոմիտեն այդ ուղղությամբ նկատելի առաջընթաց է արձանագրել, դրա արդյունքն է նաեւ 2012թ. բյուջետային մուտքերի, այդ թվում` լրացուցիչ 101մլրդ դրամի ապահովումը, որի համար, տնտեսական աճի գործոնից բացի, էական դեր է խաղացել հարկային եւ մաքսային վարչարարությունը: 2012թ. խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 289.5մլրդ դրամ հարկ, ինչը 2011-ի ցուցանիշը գերազանցում է 18.7%-ով: Ցուցանիշներն, ի դեպ, բազմիցս հրապարակվել են եւ տեղադրված են նաեւ կոմիտեի պաշտոնական կայքերում:
Զեկույցում անհասկանալի ձեւակերպումներով քննադատություն կա հարկային մարմնի աշխատակիցների կողմից հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը վերցնելու մասին. ՄԻՊ-ը ենթադրաբար «իրեր» ասելով նկատի ունի փաստաթղթեր եւ այլ առարկաներ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր եւ այլ առարկաներ «վերցնելն» իրականացվել է դատարանի կողմից տրված համապատասխան որոշման հիման վրա կամ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Չափազանց մեծ քանակի հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումների մասին. ՊԵԿ-ը, հանդիսանալով պետական բյուջե վճարման ենթակա գումարների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող եւ պատասխանատու մարմին, պարտավոր է օրենքով իր վրա դրված լիազորությունները կատարել, այդ թվում` արգելադրման լիազորությունը: Հանրապետությունում հաշվառված 240 հազար հարկ վճարողներից 80 հազարը գործող են, որոնց ընդամենը 7%-ի նկատմամբ 2012թ. որոշումներ են կայացվել գույքի եւ դրամական միջոցների արգելադրման վերաբերյալ: Այս որոշումները վերաբերել են բացառապես այն հարկ վճարողներին, որոնց հետ սպառվել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուն ուղղված բացատրական եւ իրազեկման աշխատանքները: Այս նորմն, ի դեպ, գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման խախտումների մասին. իհարկե, ցանկալի եւ ճիշտ կլիներ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխությունների կիրառման ողջամիտ ժամկետներ նախատեսելն ինչպես հարկային, այնպես էլ տնտեսական եւ բոլոր իրավական հարաբերությունները կարգավորող այլ օրենքներում: Չնայած երբեմն հրատապության, խնդիրն արագ լուծելու թելադրանքով լինում են նաեւ բացառություններ:
Հանրային քննարկումների մասին. շահագրգիռ կողմերին օրենսդրական նախագծերին իրազեկ դարձնելու քննադատությունը տեղին չէ, քանի որ այն այլ հասցեատեր ունի, չնայած դրան` հասարակական կազմակերպությունների ու տնտեսվարող սուբյեկտների հետ կոմիտեն պարբերական հանդիպումներ է նախաձեռնում` նրանց տեսակետներն ու առաջարկները լսելու եւ հաշվի առնելու նպատակադրությամբ: 2012թ. ՊԵԿ-ի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տեղադրվել են կոմիտեի պաշտոնական կայքում, դրանց վերաբերյալ հարկ վճարողներից ստացվել են շուրջ 10 հազար տարբեր բնույթի առաջարկություններ եւ հարցեր, որոնք քննարկելուց հետո միայն ՊԵԿ-ի կողմից այդ նախագծերը, հետագա ընթացքն ապահովելու համար, տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իսկ հարկային եւ մաքսային ծառայողների կողմից էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտման դեպքերը, խախտումների վերաբերյալ նյութերը քննության են առնվում ծառայողական հանձնաժողովի կողմից եւ դրանց վերաբերյալ ընդունվում են համապատասխան որոշումներ»:




























