Հարցազրույց Armenian Cooper Programme ընկերության գործադիր վարչության փոխնախագահ, տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ.
Պրն Արզումանյան, ի՞նչ փուլում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման ընթացքը: Կա՞ն ֆինանսաավորման խնդիրներ:
Հանքի շահագործումը կսկսի 2014 թ. երկրորդ կիսամյակում: Ինչպես գիտեք՝ «ՎՏԲ բանկի» հետ վարկավորման պայմանագիրը կնքել ենք 2011 թ. նոյեմբերին, գումարների հատկացումը սկսել է 2012 թ. հունվարից: Այս պահին արդեն 150 մլն դոլարից ավելի ստացվել եւ ծախսվել է: Պայմանագրի ընդհանուր արժեքը 283,3 մլն դոլար է, որեւէ խնդիր չեմ տեսնում հետագա ֆինանսավորման առումով:
Իսկ ծրագրի բնապահպանական անվտանգությունը կարող ե՞ք ապահովել:
Իրականացրել եւ իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի ծրագիրը, բնապահպանական առումով, համապատասխանի միջազգային ամենաառաջատար չափանիշներին:
Եթե չեմ սխալվում՝ Ալավերդու պղնձի վերամշակման գործարանում արդեն որոշ քայլեր արել եք:
Ալավերդու գործարանում անցյալ տարվա հոկտեմբերից շահագործման ենք հանձնել նոր ծխատար խողովակ եւ նոր ծխնելույզ, որի արտանետման կետի բարձրությունը նախորդի համեմատ 200 մետրի տարբերություն ունի: Դա մեծապես բարելավել է գազերի ցրման աստիճանը: Մի քանի օր առաջ մեզ ներկայացրին ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի մշտադիտարկման արդյունքները, կան էական դրական փոփոխություններ: Բնապահպանության նախարարությունը ինտենսիվացրել է մոնիտորինգը գործարանի շրջակայքում եւ հարակից համայնքներում: Եթե մինչ ծխատարի շահագործման հանձնելը ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցետրացիան գերազանցում էր մի քանի անգամ, երբեմն՝ տասնյակից ավելի, ապա ներկայում մոնիտորինգի ենթարկվող ավելի քան 3 տասնյակ կետերից միայն 2-3-ում ունենք գերազանցում՝ 1-1,5 անգամ: Մնացած բոլոր կետերում վերջին 2 ամիսներին չունենք սահմանային թույլատրելի կոնցետրացիայի գերազանցում:
Հանքարդյունաբերող կազմակերպությունները կարծես այնքան էլ գոհ չեն բնապահպանական նոր վճարներից:
Երեւի նկատի ունեք բնօգտագործման վճարներն ու ռոյալթիները: Ցավոք սրտի՝ ընդունվեց ոչ ամենառացիոնալ տարբերակը: Ըստ էության՝ ընդերքօգտագործողների վրա ներկայում սահմանված է 4% շրջանառության հարկ, որը չկա որեւէ այլ ոլորտում, եւ բացի այդ՝ ընդերքօգտագործողները, ի տարբերություն այլ տնտեսվարողների, լրացուցիչ 12,5% շահութահարկ են վճարում: Ինձ համար դրա հիմնավորումները այդքան էլ հասկանալի չէ:
Ինչպիսի՞ն է ներկայում իրավիճակը պղնձի եւ մոլիբդենի միջազգային շուկայում:
Վերջերս կա պղնձի գնի որոշակի անկում, սակայն անհանգստացնող բան չկա: Պղնձի գնի 15-20% տատանումները ավելի քան նորմալ երեւույթ են: Ներկայում պղնձի տոննայի գինը մոտ 7500 դոլարի մոտ է: Մոլիբդենի խտանյութում մաքուր մետաղի գինը, եթե չեմ սխալվում, տոննայի համար մոտ 25 հազ. դոլար է:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը



























