NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:

Պրն Դավթյան, գյուղատնտեսությունն ու շինարարությունը վառ արտահայտված սեզոնային բնույթ ունեն; Իսկ ի՞նչ չափով հայկական արդյունաբերությունը ենթակա է սեզոնային գործոնների ազդեցությանը:

Որոշակի սեզոնայնություն արդյունաբերությունում առկա է, բայց ոչ այն չափով, ինչպես գյուղատնտեսությունում կամ շինարարությունում: Սեզոնայնություն ասելով նկատի չունեմ միայն եղանակային պայմանները, այլ ընդհանրապես՝ տնտեսական ակտիվության պարբերականությունը: Բաց ավելի ճիշտ է համեմատել համապատասխանող ժամանակահատվածները: Այս տարվա հունվար-փետրվարին սպասվում է մոտ 15-17% արդյունաբերական աճ՝ համեմատած նախորդ տարվա հունվար-փետրվարի հետ: Անշուշտ՝ 2 ամսվա տվյալներով հեռուն գնացող հետեւություններ անելի չի կարելի, բայց կարեւորը միայն թվերը չեն; Վերջին տարիներին արդյունաբերությունը կայուն զարգացման փուլ է մտել եւ առաջանցիկ աճի տեմպեր ունի տնտեսական միջին աճի համեմատ: Այս տարի ծրագրավորել ենք 9.2% արդյունաբերության աճ, նախորդ տարվա 9%-ի համեմատ: Արդյունաբերության համարյա բոլոր ոլորտներում ունենք դրական դինամիկա:

Բայց միգուցե արդյունաբերության առաջանցիկ աճը պայմանավորված է բազային ցածր ծավալներով, չէ՞ որ արդյունաբերական արտադրանքի ծավալը զիջում է գյուղատնտեսությանը, շինարարությանը, ծառայությունների ոլորտին:

Մենք 4-րդ տարին անընդմեջ ունենք արդյունաբերության 10%-ին մոտ աճ: Արդեն կարելի է ասել, որ նախորդ տարվա բազան ցածր չէր: Ձեր ասածը ճիշտ էր մի քանի տարի առաջ, բայց 2012 թ. արդյունաբերության ծավալը գերազանցեց 1 տրլն դրամը, իսկ դա արդեն փոքր թիվ չէ:  Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի 12%-ից հասել է 16-17%-ի, շուտով կմոտենանք 20%-ի մակարդակին: Արդյունաբերությունն արդեն գերազանցել է շինարարությանը եւ մոտ է գյուղատնտեսության մասնաբաժնին: Այս դինամիկան պահպանվելու դեպքում մի քանի տարի հետո արդյունաբերությունը կլինի տնտեսության ամենամեծ հատվածը: Հայաստանը միշտ էլ եղել է արդյունաբերական-ագրարային երկիր, եւ փորձում ենք այդ կարգավիճակը վերականգնել: Բայց պետք է հաշվի առնել, որ որքան բազան մեծանում է, այնքան բարձր աճ ապահովելը բարդանում է, որովհետեւ տոկոսի արժեքը մեծանում է:

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ արդյունաբերության բարձր աճը կպահպանվի առաջիկա տարիներին եւս, ասենք՝ 5 տարվա կտրվածքով:

Երաշխիքը նոր ներդրումներն են: Տնտեսությունը պետք է վերազինվի; Ցավոք՝ տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կշիռը դեռեւս մեծ չէ, առանց որի միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկել հնարավոր չէ: Ներդրումների համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել, ապահովել պետության շարունակական աջակցությունը: Անհրաժեշտ են մատչելի վարկային ռեսուրսներ, հարկային ու մաքսային բարենպաստ ռեժիմներ, արտաքին շուկաներ դուրս գալու աջակցություն: Պետք է ապահովենք իդեալականին մոտ առեւտրային ռեժիմներ ու այդ ուղղությամբ զգալի քայլեր ենք իրականացնում:

Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ առաջիկա 5 տարում արդյունաբերությունը կունենա 10%-ին մոտ տարեկան աճ:

Իհարկե՝ ոչ: Ծավալների մեծացումը ենթադրում է տեմպի նվազում; Աշխարհի ոչ մի տնտեսություն էլ երկար ժամանակ չի կարող տարեկան 10% աճ ապահովել;  Սակայն, բոլոր դեպքերում, առաջանցիկ աճը պետք է պահպանել: Շատ բան նաեւ կախված է համաշխարհային շուկայի իրավիճակից:

Իսկ ներկայում ինչպիսի՞ն է համաշխարհային շուկայի իրավիճակը:

Իրավիճակը շատ օպտիմիստական չէ, բայց նաեւ շատ հոռետեսական չէ: Ընդհանուր առմամբ՝ մենք զգուշավոր սպասումներ ունենք:

Շատերը Հայաստանում արդյունաբերության աճը պայմանավորում են հանքահումքային արդյունաբերության աճով; Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կփոխվեն հանքահումքային եւ վերամշակող արդյունաբերությունների կշիռները:

Դրամատիկ փոփոխություններ չեն սպասվում: Մենք համեմատական առավելություններ ունենք՝ պղնձի, մոլիբդենի, ցինկի համաշխարհային պաշարների նշանակալի մաս գտնվում է Հայաստանում, եւ տարօրինակ կլինի, եթե այդ ռեսուրսները չօգտագործեինք: Կարեւորն այն է, որ վերջին տարիներին զարգանում է մետալուրգիան, այսինքն՝ մետաղների ավելի խորը վերամշակումը: Նախկինում միայն հանքարդյունաբերության մասին էինք խոսում, հիմա նաեւ մետալուրգիաից: Ունենք 7 լուրջ մետալուրգիական ընկերություններ, ու մի շարք փոքր ընկերություններ: Ընդ որում՝ ձեռնարկություններից մի քանիսում ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Ներկայում մետալուրգիայի ծավալները գործնականում հավասարվել են հանքարդյունաբերության ծավալներին:

Հայաստանը 2009 թ. Ռուսաստանից 500 մլն դոլար վարկ վերցրեց, որի զգալի մասը ներարկվեց դեպի տնտեսություն՝ որպես էժան վարկային ռեսուրս: Բայց արդեն եկել է այդ...

Ռուսական վարկի մոտ կեսը ուղղվեց աղետի գոտու վերականգնմանը, մյուս կեսը ներարկվեց տնտեսություն: Վարկը, կարելի է ասել, լավ աշխատեց: Libor+3-ով ռեսուրս ներգրավելը մեր ժամանակներում մեծ հաջողություն է, քանի որ Libor-ը ներկայում բավականին ցածր է: Այս ռեսուրսը դեռ աշխատում է, մարվող գումարները կրկին դրվում են շրջանառության մեջ: Իհարկե՝ լավ կլիներ նոր ռեսուրսներ ներգրավեինք, որովհետեւ վարկային ռեսուրսների մեծ պահանջարկ կա երկրում: Գաղտնիք չէ, որ արդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ցածր տոկոսադրույքով եւ երկար ժամկետներով վարկերի անմատչելիությունն է: Ցավոք՝ շուկայական նման ռեսուրս չունենք, փորձում ենք պետական խողովակներով լրացնել այդ բացը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է մատչելի վարկային ռեսուրսների ընդլայնման ուղղությամբ: Այս առումով համալիր միջոցառումներ կիրականացնենք: Բայց դրսից ներգրավելու առումով սահմանափակումներ ունենք, քանի որ դրանք սուվերեն երաշխիքներ են պահանջում; Մենք չենք կարող անսահմանափակ պետական պարտքն ավելացնել: Ներկայում գործում է ունիվերսալ վարկային կազմակերպություն, որն ունի 6 մլրդ դրամի ռեսուրս ռուսական վարկից: Կազմակերպությունը կարողանում է 11-12%-ով դրամային վարկ հատկացնել, շուկայում դրան մոտիկ տոկոսադրույք չկա; Աշխատանքներ ենք տանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ստեղծելու շուրջ: Իհարկե՝ այս քայլերը բավարար չեն, լավ կլինի, որ մասնավորն էլ ակտիվ լինի արդյունաբերության ֆինանսավորման գործում: Այս տարվա վերջում Հայաստանում կունենանք աշխարհում հայտնի ու ընդունված բոլոր ենթակառույցները՝ արդյունաբերությունը ֆինանսավորելու համար: Դա անմիջական վարկավորումն է, տեխնիկական աջակցությունը արտաքին շուկաներ դուրս գալու, վարկերի սուբսիդավորումը, սերտիֆիկացման համաֆինանսավորումը, արտահանման ֆինանսավորման ապահովագրությունը: Գործարարն իր ընտրությամբ կարող է օգտվել բոլոր այս գործիքներից՝ մեկից կամ մի քանիսից միաժամանակ: Նշեմ, որ վերջին 20 տարիներին հայկական արդյունաբերությունը չի ունեցել ֆինանսական միջոցների համալրման ոչ շուկայական աղբյուրներ, այս բոլոր նոր գործիքներ են:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը