Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաեւ աֆրիկյան մայրցամաքում եւ միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը եւ Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում:
Դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար եւ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նրան փոխանցել իր երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:




























