Այսօր` մարտի 22-ին, Ջրի համաշխարհային օրն է, որի կապակցությամբ «SPRING» PR-ընկերությունը մարտի 25-ին, ժամը` 10:30-ին հրավիրում մասնակցելու «Լինենք հոգատար Հայաստան-ջրի համաշխարհային օր 2013» սոցիալական - բնապահպանական նախագծի շրջանակներում իրականացվող «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային կոնֆերանսին:
«Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային կոնֆերանսի նպատակն է բացահայտել Հայաստանում ջրի եւ սանիտարիայի ենթակառուցվածքների ու ծառայությունների հասանելիության ապահովման, անձրեւաջրերերի, կեղտաջրերի, հեղեղաջրերի կառավարման եւ մակերեւութային ջրերի աղտոտման, ջրից առաջացող հիվանդությունների եւ համաճարակների վերահսկման, ջրից կախված վտանգների` ներառյալ հեղեղների, երաշտների ու սողանքների նվազեցման հիմնախնդիրները եւ ուղիներ նախանշել երկրում ՔՋՀԿ համակարգի սկզբունքների ներդրման համար:
Կոնֆերանսին թեմատիկ զեկույցներով հանդես կգան ՀՀ պետական կառույցների, միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Կոնֆերանսի ընթացակարգը ենթադրում է հարց-պատասխան ինչպես կոնֆերանսի մասնակիցների, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ:
Ինչպես 2012թ.-ին, այս տարի եւս «Լինենք հոգատար Հայաստան-ջրի համաշխարհային օր 2013» նախագիծը արդեն միացել է ՄԱԿ-ի «Ջրի hամաշխարհային oր» միջազգային արշավին եւ պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում:
«SPRING» PR-ընկերությունը եւ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն ընդունելով ՄԱԿ-ի նախաձեռնության կարեւորությունը, «ԼԻՆԵ′ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» նախագծի շրջանակներում համատեղ նախաձեռնել են մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված առկա հիմնախնդիրների վերհանմանը եւ հասարակական հնչեղության ապահովմանը: Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում նախագծին միացել է նաեւ «Կոկա-Կոլա հելենիք բոթլինգ քամփանի Արմենիա» ընկերությունը:
2013 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է Ջրային համագործակցության միջազգային տարի եւ 2013 թվականին «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցնեն «Ջրային համագործակցության միջազգային տարի» (“International Year of Water Cooperation”) կարգախոսի համատեքստում:




























