«2012-ի աշխարհի երկրների ժողովրդավարական ինդեքսում» Հայաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը: Այն կազմել է բրիտանական Economist ամսագրի վերլուծական ստոբաժանում հանդիսացող The Economist Intelligence Unit հետազոտական ընկերությունը:
Այդ զեկույցում արտացոլված է 2012 թվականի դեկտեմբերին առկա վիճակը: Հետազոտողները վերլուծել են 167 երկրներում տիրող իրավիճակը, ըստ որի երկրները բաժանվել են իշխանության ռեժիմների 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ բավարար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ եւ ավտորիտար ռեժիմ: Հայաստանը հայտնվել է երրորդ խմբում (հիբրիդային ռեժիմ):
Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր է ճանաչվել Նորվեգիան: Առաջին տասնյակում են նաեւ Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան եւ Նիդերլանդները: ԱՄՆ-ւ եւ Մեծ Բրիտանիան «լիարժեք ժողովրդավարության» երկրների խմբի ամենաստորին հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից բոլորից բարձր հորիզոնականում հայտնվել է Թուրքիան (88-րդ տեղ), այնուհետեւ գալիս է Վրաստանը (93), որոնք եւս «հիբրիդային ռեժիմ» խմբում են:
Ադրբեջանը ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների խմբում է եւ զբաղեցնում է 139-րդ տեղը, Իրանը 158-րդն է: Ռուսաստանը զբաղեցրել է 122-րդ տեղը:
Նախկին խորհրդային երկրներից լավագույն ցուցանիշ ունի Լիտվան (42-րդ տեղ), որը «ոչ բավարար ժողովրդավարություն» խմբում է:
«Լիրաժեք ժողովրդավարական» երկրների խմբում ընդգրկված է 25 երկիր, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 12 տոկոսը: «Ոչ բավարար ժողովրդավարություն» խմբում կա 54 երկիր է, «հիբրիդային ռեժիմ» խմբում՝ 51 երկիր: Ըստ այդմ, մոլորակի բնակչության մոտ 1/3-ը (մոտ 2,6 մլրդ մարդ) ապրում է ավտորիտար ռեժիմի պայմաններում:




























