Այսօր՝ մարտի 23-ին, լրատվամիջոցներում հայտնվել է պակիստանյան արմատական «Թեհրիք-ի-Թալիբան» խմբավորման ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ գրոհայինները որոշել են սպանել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին:
Գրոհայիններից մեկի խոսքով՝ Մուշարաֆին պատրաստվում են սպանել նրա՝ Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո: Մահափորձի նախապատրաստման համար արդեն մահապարտների հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որոնց ուսուցանում է Պակիստանի ռազմաօդային ուժերի նակին աշխատակից Ադնան Ռաշիդը: Հենց նա է գլխավորել Մուշարաֆի դեմ անհաջող մահափորձը 10 տարի առաջ: Դատարանը Ռաշիդին դատապարտել էր մահապատժի, սակայն ահաբեկչին հաջողվել էր փախչել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆը, ով հայրենիքում մեղադրվում է մի շարք քրեական գործերով, 7 տարի օտարության մեջ անցկացնելուց հետո վերադառնալու է Պակիստան:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Պակիստանի Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հնարավորություն է տվել հայրենիք վերադառնալու դեպքում գրավ մուծել եւ խուսափել կալանավորումից: Գրավի չափը կազմել է մոտ 3 հազար դոլար: Գեներալի խնդրանքը դատարան է ներկայացրել նրա դուստրը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Մուշարաֆը որպես մեղադրյալ ներգրավված է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության (2007-ին), Բելուջիստանի նահանգում ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության (2006-ին), ինչպես նաեւ 2007-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու ժամանակ Գերագույն դատարանի դատավորներին կալանավորելու գործերով:
Հիշեցնենք, որ Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել 1999 թվականին՝ ռազմական հեղաշրջման միջոցով: 2008-ին նա ստիպված է եղել հեռանալ նախագահի պաշտոնից՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից իմպիչմենթի սպառնալիքի ներքո:




























