Մահացել է հայտնի գործարար Բորիս Բերեզովսկին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փեսան՝ Եգոր Շուպեն: Այս տեղեկատվության այլ հաստատումներ չկան: Տեղի ունեցածի մանրամասները եւս հայտնի չեն:Որոշ տվյալներով՝ գործարարը մահացել է այսօր՝ մարտի 23-ին, Լոնդոնում, տեղի ժամանակով 11-ին:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին ռուսաստացի նախկին գիտնական է, գործարար եւ քաղաքական գործիչ: Ռուսաստանում նա մեղադրվում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման: 2003-ի սեպտեմբերից նա մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: Բերեզովսկին ունի բրիտանական անձնագիր՝ Պլատոն Ելենին անունով:

Բորիս Բերեզովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսն էր եւ մշտապես հայտարարել է, որ պայքարելու է Կրեմլի ներկա վարչախմբի դեմ: