Մահից առաջ հայտնի ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկիի մոտ ուժեղ դեպրեսիա է եղել: Այս մասին ըստ բրիտանական International Business Times պարբերականի, հայտնել է նրա փեսան՝ Եգոր Շուպեն: 

Շուպեի խոսքով՝ վերջին օրերին Բերեզովսկին չէր պատասխանում հեռախոսազանգերին եւ փաստացի դուրս չէր գալիս Սուրեյի իր առանձնատնից:

Լրատվամիջոցները նաեւ մեջբերում են հայտնի ռուսաստանցի փաստաբան Ալեքսանդր Դոբրովիսնկիին, որ Facebook-ի իր էջում գրել էր, որ իրեն հայտնել են Բերեզովսկիի ինքնասպանության մասին:

«Հենց նոր զանգահարեցին Լոնդոնից: Բորիս Բերեզովսկին ինքնասպան է եղել... Բարդ մարդ էր: Հուսահատ քա՞յլ, աղքատ ապրելու անհնարինությո՞ւն, հարվածների շա՞րք: Վախենամ, որ այլեւս ոչ ոք չի իմանա ճշմարտությունը...»,- գրել է նա:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բերեզովսկին մահացել է այսօր, տեղի ժամանակով առավոտյան 11:00-ին, Սուրեյի իր առանձնատան լոգարանում: Քննիչները նրա տանը բռնի մահվան որեւէ հետք չեն հայտնաբերել, հաղորդում են լոնդոնյան լրատվամիջոցները, որոնք նշում են, որ խոշոր ֆինանսական կորուստներից հետո ժամանակին միլիարդավոր դոլարների սեփականատեր Բորիս Բերեզովսկիի ֆինանսական վիճակն այնքան վատ էր, որ նա ստիպված է եղել վաճառել իր ողջ ունեցվածքը:

Այդ մասին է վկայում Բերեզովսկիի կողմից Էնդի Ուորհոլի վրձնին պատկանող լենինի դիմանկարն արագ վաճառելու մասին տեղեկությունը: Այդ դիմանկարն արժե 45-75 հազար դոլար, որի վաճառքից ստացված գումարով Բերեզովսկին փակել է իր պարտքերի մի մասը:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին ռուսաստացի նախկին գիտնական է, գործարար եւ քաղաքական գործիչ: Ռուսաստանում նա մեղադրվում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման: 2003-ի սեպտեմբերից նա մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: Բերեզովսկին ունի բրիտանական անձնագիր՝ Պլատոն Ելենին անունով:

Բորիս Բերեզովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսն էր եւ մշտապես հայտարարել է, որ պայքարելու է Կրեմլի ներկա վարչախմբի դեմ: