Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մահից առաջ հայտնի ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ներել իրեն եւ թույլ տալ վերադառնալ հայրենիք, հաղորդում է Vesti.ru-ն:

«Որոշ ժամանակ առաջ, հնարավոր է, Բերեզովսկին Վլադիմիր Պուտինին իր ձեռքով գրված նամակ է հղել, որտեղ խոստովանել է, որ շատ սխալներ է գործել, ներողություն է խնդրել Պուտինից այդ սխալների համար եւ խնդրել է օգնել իրեն՝ վերադառնալ հայրենիք: Անհայտ է Բերեզովսիի մահվան մասին տեղեկության վերաբերյալ Պուտինի արձագանքը, բայց կարելի է ասել, որ մարդու մահվան մասին լուրը, ինչպիսին էլ նա եղած լինի, դրաման էմոցիաներ առաջացնել չի կարող»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին ռուսաստացի նախկին գիտնական է, գործարար եւ քաղաքական գործիչ: Ռուսաստանում նա մեղադրվում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման: 2003-ի սեպտեմբերից նա մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: Բերեզովսկին ունի բրիտանական անձնագիր՝ Պլատոն Ելենին անունով:

Բորիս Բերեզովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսն էր եւ մշտապես հայտարարել է, որ պայքարելու է Կրեմլի ներկա վարչախմբի դեմ: