Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու մահվան վայրում աշխատում են միջուկային զենքի եւ ճառագայթային մասնագետները, հաղորդում է  Baltinfo-ն:

«Դա անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունը կարողանա հետաքննել մահվան հանգամանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության` Բերեզովսկու մարմինը գտնվում է Ասկոտ գյուղի տանը: Իրավապահները փակ են պահում դեպի տուն տանող ճանպարհները: Ոստիկանությունից վստահեցնում են, որ բնակչության համար վտանգավոր ոչինչ չկա եւ բոլոր գործողությունները, այդ թվում` ճառագայթային հետազոտությունները, արվում են մահվան բոլոր վարկածներն ստուգելու համար: Բերեզովսկու տանը գտնվող փորձագետների թվում են նաեւ քիմիկոսներ, կենսաբաններ եւ միջուկային ֆիզիկայի մասնագետներ:

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բերեզովսկին մահացել է  առավոտյան ժամը 11-ին, Սուրեյի իր նստավայրի լոգարանում: Իրավապահները, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել:

Լրատվամիջոցների տեղեկություններով, Բերեզովսկին ֆինանսական խոշոր կորուստներից հետո  այնպիսի ծանր վիճակում էր հայտնվել, որ ստիպված էր եղել վաճառել ունցվածքը. պարտքերը վճարելու համար նա անգամ արվեստի գործեր էր վաճառել:

Բորիս Բերեզովսկին ռուսատանցի գիտնական, ձեռներեց եւ քաղաքական գործիչ էր: Ռուսաստանում մրան մեղադրել էին մի շարք հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտել էին: 2003 թ. սեպտեմբերից նա մշտապես բնակվում էր Մեծ Բրիտանիայում` քաղաքական փախստականի կարգավիճակով: