Ապստամբների «Սելեկա» խմբավորման առաջնորդ Միշել Ջոթոդիան  իրեն հռչակել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահ: Մարտի 24-ին ԿԱՀ-ի ղեկավար Ֆրանսուա Բոզիզեն երկիրը լքել էր, երբ ապստամբները գրոհել էին երկրի մայրաքաղաքը: 

Մարտի 25-ին RFI-ն հաղորդում է, որ պետության ինքնահռչակված առաջնորդը պատրաստ է համագործակցել  կառավարությունում մնացած պաշտոնյաների հետ:  Ըստ Ջոթոդիայի`  ապստամբները կհետեւեն  ԿԱՀ-ի եւ ընդդիմության միջեւ հունվարին կնքված խաղաղ պայմանագրի պայմաններին: Նրա գլխավոր պայմաններից է երեք տարի անց «ազատ եւ արդար» ընտրությունների անցկացումը: 

Նախագահ Բոզիզեի համախոհների եւ ընդդիմության միջեւ հակամարտությունը սրվել էր մի քանի ամիս առաջ: Հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում մի շարք քաղաքներ զավթելուց հետո` ապստամբների բանակը նախօրեին գրոհել էր մայրաքաղաքը:

Նախապես հաղորդվել էր, որ նախագահ Բոզիզեն փախել էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, ավելի ուշ նրա գտնվելու վայրը պարզվել էր` Կամերունի արեւելքում գտնվող Բատուրի քաղաքը:

Ընդդիմության եւ իշխանությունների հակասության սրվելու հիմնական պատճառը վերջիններիս կողմից պայմանագրի պայմանները չկատարելն էր: Մասնավորապես նրանք արհամարհել էին քաղբանտարկյալներին ազատելու պայմանները, գրում է KM.RU-ն:

«Կոմերսանտը» հայտնում է, որ Ֆրանսիայի իշխանությունները զորքեր են ուղակել ԿԱՀ: Նրանց նպատակն է երկրում ապրող արտասահմանցիների անվտանգության ապահովումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց տարհանման կազմակերպումը: