Մեքսիկայում հերթական զանգվածային սպանությունն է կատարվել. կենտրոնական Միչոական նահանգում հայտնաբերվել է տղամարդկանց կապկպված ձեռքերով եւ ոտքերով յոթ մարմին: Սպանվածները 17-40 տարեկան են եղել: Հաջողվել է պարզել սպանվածներից միայն երկուսի ինքնությունը, որոնցից մեկը ապակի լվացող է աշխատել:

Հանցանքի վայրում գրություն է հայտնաբերվել, սկսվել է հետաքննություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ հետաքննության` այդ զանգվածային սպանությունը կապ ունի թմրամաֆիայի խմբավորումների միջեւ եղած տարաձայնությունների հետ:

Հիշեցնենք, որ հունվարին թմրամաֆիան հաշվեհարդար էր տեսել Kombo Kolombia խմբի 17 երաժիշտների հետ: Նրանց մարմինները հայտնաբերվել էին հունվարին` ջրհորում: Երաժիշտներին առեւանգել էին մասնավոր երեկույթում ելույթ ունենալուց հետո: Հաշվեհարդարն իրագործել էին Los Zetas-ի անդամները: