Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մարտի 24-ին երկիր է վերադարձել`մայիսի 11-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին մասնակցելու:
Առավոտյան Դուբայից մեկնած Մուշարաֆը Կարաչիում համախոհների հետ իր հանդիպման լուսանկարները է տեղադրել Facebook-ի իր էջում: Հիշելով Հյուսիսային Վազիրստանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով 17 մարդ էր զոհվել, նա նշել է. «Մենք պետք է վերջ դնենք ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը»,- հայտնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը սպառնացել էր սպանել Մուշարաֆին եւ նույնիսկ հայտարարել էր, որ այդ նպատակի համար մահապարտ-ահաբեկիչների խումբ է նախապատրաստել: Ոստիկանությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել նախկին նախագահի համակիրների հանրահավաքը:
Ավելի վաղ Պակիստանի Սինդ նահանգի Գերագույն դատարանը Մուշարաֆին գրավը վճարելու եւ այդպիսով Պակիստան վերադառնալու դեպքում կալանքից խուսափելու հնարավորություն էր տրամադրել: Մուշարաֆը որպես մեղադրյալ ներգրավված է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության (2007-ին), Բելուջստան նահանգում ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության (2006-ին), ինչպես նաեւ 2007-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու ժամանակ Գերագույն դատարանի դատավորներին կալանավորելու գործերով:




























