Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ն Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման  նախագիծ կպատրաստի: Այդ մասին լրագրողներին հայտնել է պաղեստինցի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Նա հավելել է, որ «դեռ  վաղ է խոսելը երկկողմ կամ եռակողմ հանդիպումների մասին»: Աղբյուրը կարծում է, որ ընդհանուր առմամբ մերձավորարեւելյան այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացին «ամերիկյան ղեկավարության իրական մասնակցության սկիզբն է դրել», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով AFP-ին, հայտնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում արտասահմանյան իր առաջին այցի շրջանակում Ջոն Քերրին մարտի 23-ին հանդիպել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: 

Նախկինում պետքարտուղարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում Քերրին արդեն այցելել էր տարածաշրջանի մի շարք այլ երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Մարտի 24-ին Քերրին անսպասելի այցով ժամանել էր Իրաքի մայրաքաղաք: