Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կիպրոսի իրադրությունն անվանել է «կողոպուտ` կողոպտվածից»: Փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է Կիպրոսի ճգնաժամի հետեւանքները մանրակրկիտ հաշվի առնելու անհրաժեշտության մասին:

«Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են կողոպտել կողոպտվածին: Պետք է հասկանալ, թե վերջին հաշվով ինչի է հանգեցնելու այս պատմությունը»,- ասել է Մեդվեդեւը, մեջբերում է «Ռոսբալթ»-ը: ՌԴ վարչապետի խոսքով` անհրաժեշտ է վերլուծել, թե ինչպես տվյալ իրադրությունը կանդրադառնա համաշխարհային, մասնավորապես Ռուսաստանի շուկայի վրա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Կիպրոսին տրամադրվելիք 10 միլիարդ եվրոյի չափով վարկը: Համաձայն ծրագրի` Laiki Bank-ի վերակառուցման ժամանակ, բանկի հաշվին եղած մինչեւ 10 հազար եվրո գումարն ապահովագրվելու են եւ փոխանցվելու են Bank of Cyprus բանկի հաշվին: Այն հաշվեհամարները, որոնց վրա կա ավելի քան տասը հազար եվրո, ժամանակավորապես սառեցվելու են եւ հարկվելու են: Հարկի վերջնական չափը դեռ անհայտ է, բայց գործարար լրատվամիջոցների տվյալներով` կարող է կազմել մոտ 40%: