Boeing 787 Dreamliner օդանավը փորձնական թռիչք է կատարել վերամշակված լիթիում-իոնային մարտկոցներով, որոնց հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով հունվարի կեսերին դադարեցվել էին տվյալ օդանավերով թռիչքները: Եթե երկժամյա փորձնական թռիչքը հաջողված ճանաչվի, Boeing-ին թույլ կտան երկրորդ թռիչքն իրականացնել մոտ օրերս, ասված է ընկերության հաղորդագրությունում:
Թռիչքների ընթացքում բորտային սարքերի աշխատանքի մասին տվյալները ուսումնասիրման համար կփոխանցվեն ԱՄՆ քաղավիացիայի դաշնային գործակալությանը (FAA), նշել է Boeing-ի ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Boeing 787 ուղեւորատար օդանավերով թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել էին հունվարի կեսերից՝ այն բանից հետո, երբ ճապոնական ANA ավիաընկերության չվերթը մարտկոցի բռնկման պատճառով ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել:



























