Մեքսիկայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Օահակա նահանգում, ստորերկրյա ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաք Մեխիկոյում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն, Մեխիկոյում շենքերը ցնցվել են, միացել է ահազանգը, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ այսօր 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմալայում: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից 10 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը` 200 կմ խորությունում, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Անցյալ տարվա նոյեմբերին ավելի քան 50 մարդ էր զոհվել Գվատեմալայի հարավ-արեւմուտքի Սան Մարկոս նահանգում 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով:  1976թ. նույն հզորության ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել էր 23 հազար մարդ: