Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեռ չի պատրաստվում տեղափոխվել Վատիկանի Առաքելական պալատի պապական պաշտոնական նստավայր: Նա մնում է Domus Santa Martha նստավայրում, հայտնել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Ըստ նրա` Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը չի ցանկանում մարդկանցից առանձնանալ պալատի պատերով: BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Ֆրանցիսկոս պապը հարյուր տարվա մեջ առաջին պապն է, որը հրաժարվել է բնակվել պապական պալատում:
Սուրբ Մարթայի նստավայրի մեկսենյականոց բնակարանից Ֆրանցիսկոսը տեղափոխվել է երկսենյականոց բնակարան, որտեղ կարող է այցելուներ ընդունել: Լոմբարդին նշում է, որ պետության ղեկավարներին եւ պաշտոնական պատվիրակություններին նախատեսվում է ընդունել Առաքելական պալատում:
Խորխե Մարիա Բերգոլիոն Ֆրանցիսկոս անունը ընտրել էր Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու պատվին, որը քարոզում էր խստակյացություն եւ հոգատարություն աղքատների նկատմամբ:
Վատիկանում լրագրողների հետ առաջին հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսը հայտնել էր, որ կցանկանար կաթոլիկ եկեղեցին տեսնել «աղքատ եկեղեցի աղքատների համար»: Ավելի վաղ պապը հրաժարվել էր հատուկ պապամոբիլից, խնդրել էր իր գահը փոխարինել բազկաթոռով եւ սկսել էր ընթրել ընդհանուր սեղանատանը: Բացի դրանից, անցյալ շաբաթ նա զարմացրել էր Բուենոս Այրեսի թերթի կրպակատերերին` անձամբ նրանց զանգահարելով եւ հրաժարվելով թերթերի առաքումից:




























