ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն եւ իր ընտանիքը պաշտպանող ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության նոր ղեկավար է նշանակել: Պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կին է զբաղեցնում` Ջուլիա Փիրսոնը:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ բացի գործող նախագահի եւ պետության նախկին ղեկավարների պաշտպանությունից` ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հետաքննում է նաեւ որոշ ֆինանսական հանցագործություններ:
Գերատեսչության նախկին ղեկավար Մարկ Սալիվանը հրաժարական էր տվել անցյալ ամիս մի քանի սկանդալներից հետո, որոնցից ամենաաղմկոտը տեղի էր ունեցել Կարթագենում` Արեւմտյան կիսագնդի երկրների գագաթաժողովի ընթացքում, երբ բացահայտվել էին Գաղտնի ծառայության մի քանի գործակալների կապերը մարմնավաճառների հետ: Այժմ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության նոր ղեկավարը պետք է վերականգնի գերատեսչության հեղինակությունը:
Ջուլիա Փիրսոնն իր կարիերան սկսել է Մայամիի Գաղտնի ծառայությունում որպես շարքային գործակալ ծառայելուց եւ հասել է մինչեւ շտաբի պետի դիրքի:




























