ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքականության արդյունավետության համար էր Իսրայելի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացը։ Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ (ֆոտոռեպորտաժ)
Թուրքագետի խոսքով՝ մարտի 21-ին եւ 22-ին, տարածաշրջանում 2 կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, որոնք կփոխեն տարածաշրջանային զարգացումների ընթացքը։
«Երկու իրադարձություններն էլ Թուրքիայի համար նպաստավոր հանգամանքներ ստեղծեցին, մեկը՝ Նովրուզի ժամանակ Աբդուլլահ Օջալանի ուղերձն էր, որով կոչ էր արվում PKK-ին վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակը, մյուսը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթհանյահուի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ տեղի ունեցած հեռախոսակցությունն էր, որի ժամանակ Նեթհանյահուն Իսրայելի անունից ներողություն խնդրեց թուրք ժողովրդից «Մավի Մարմարա»-ի հետ կապված իրադարձության հետ կապված։
Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իսրայել-Թուրքիա հաշտեցման դերակատարությանը, Իսպիրյանը շեշտեց, որ Իսրայելը եւ Թուրքիան Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմավարական կարեւոր դաշնակիցներ են եւ նրանց միջեւ հակասությունները ձեռնտու չէր ԱՄՆ-ին։ Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքականության արդյունավետության համար էր Իսրայելի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացը։
Մերձավոր Արեւելքում հետագա զարգացումների հետ կապված հարցին, Իսպիրյանը նշեց, որ «արաբական գարնան» մոդելը հնարավոր չի կիրառել Իրանում, քանի այնտեղ չկան այն նախադրյալները, որոնք կային այն երկրներում, որտեղ իրականացվել են «արաբական գարնան» սցենարները:




























