Կանադացին իր անշարժ գույքը վաճառում է վիրտուալ արժույթով՝ bitcoin-ով, թեեւ պատրաստ է վճարն ընդունել նաեւ սովորական կանխիկ փողով: Տղամարդն ասել է, որ պատահական չէ, որ նման արժույթ է ընտրել, այն իրեն պետք է աշխատանքի համար: «Բիթքոինը շատ բարդ է մեծ քանակությամբ ձեռքով վերցնելը: Ես մի քանի նախագծեր ունեմ, որոնք պահանջում են վճարել բիթքոինով: Դա վայրկենական վճարում է եւ փոխանցման համար շատ ցածր վճար»,-կանադացու խոսքն է ներկայացրել The Inquirer-ը:
Տղամարդը իր տունը վաճառում է 398,4 հազար դոլարով կամ դրան համարժեք էլեկտրոնային արժույթով: «Իմ ընտանիքը զարմացել էր նման որոշումից, սակայն բիթքոինի շուկան հիմա զարգացման փուլում է»,-ասել է նա, հաղորդում է Prian.ru-ն:
Արդեն այսօր էլեկտրոնային արժույթի օգնությամբ կարելի է վճարել որոշ ընկերությունների ծառայությունների համար: Հատկապես դրանք հարմար են միջազգային գործառույթների իրականացման, այդ թվում անշարժ գույքի վաճառքի դեպքում, քանի որ խոշոր գումարների բանկերի միջոցով փոխանցումը տեւում է առնվազն մեկ շաբաթ եւ արժենում հարյուրավոր դոլարներ:
Բիթքոինը էլեկտրոնային արժույթ է: Վճարումները կատարվում են ուղիղ, առանց ֆինանսական կազմակերպությունների որեւէ միջնորդության: Վճարումը չեղյալ համարել հնարավոր չէ:




























