ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության ահցրերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին չի կարծում, թե Եվրամիությունը կարող է փլուզվել, չի հավատում Եվրասիական միության գաղափարի հաջողմանը, եւ համարում է, որ Արեւմուտքը պետք է ամրապնդվի` ներառելով նաեւ Ռուսաստանին, Ուկրաինային կամ Թուրքիային: Այդ մասին քաղաքագետը հայտնել է լեհական Polska թերթի հետ հարցազրույցում:
«Ասել, թե Ռուսաստանը «Եվրասիական միություն» է ստեղծում, չափազանցություն կլինի: Այն… կուզենար ստեղծել, բայց դա միայն ցանկություն է, այլ ոչ կատարված փաստ: Ֆորմալ առումով Կրեմլն, իհարկե, համոզելու է հետխորհրդային պետություններին միանալ համագործակցության իր նոր հայեցակարգին, սակայն բավարար է այցելել այդ երկրներ` հասկանալու, որ տեղական վերնախավերը չափազանց սովորել են ինքնուրույնությանը, իրենց դուր է գալիս սեփական անկախ պետություններ ունենալու փաստը: Եւ դա բացարձակապես զարմանալի չէ: Յուրաքանչյուրը կնախընտրեր լինել իր երկրի նախագահը, վարչապետը, նախարարը, գեներալը կամ դեսպանը, այլ ոչ անդամակցել բյուրոկրատիայի, որը ձգտում է նոր ազգային կայսրություն հիմնել` ելնելով էնթոսի ընկալման սեփական գիտակցումից»,- ասել է Բժեզինսկին:
Նա նաեւ նկատել է, թե չի հավատում, որ Եվրասիական միության ստեղծման ռուսական գաղափարը հաջողությամբ կպսակվի: Առավել եւս մի իրավիճակում, երբ Արեւմուտքը ամրապնդում է իր ուժերը, իսկ Չինաստանը պահպանում զարգացման ներկայիս տեմպերը, Ռուսաստանի դիրքերը նրանց միջեւ շատ անհարմար է լինելու:




























