Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մոտ 500 ուսանողներ թունավորման ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցչին: Թունավորման բոլոր 479 դեպքերը գրանցվել են Նասր-Սիթի շրջանում գտնվող հանրակացարաններում ճաշից հետո, որը տվել են ապրիլի 1-ին տեղի ճաշարանում:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունն ապրիլի 2-ին հայտարարել է տեղի ունեցածի հանգամանքների հետաքննություն սկսելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ալ-Ազհարի ուսանողները նախատեսում են բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք մտադիր են հավաքվել համալսարանի վարչական շենքի դիմաց: Նախօրեին նրանք արդեն ցույց են կազմակերպել հանրակացարանների դիմաց՝ արգելափակելով հարակից փողոցները: Նրանք պահանջում են փոխել համալսարանի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Ալ Ազհար հմալսարանի ուսանողների զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել նաեւ այս տարվա հունվարին:




























