ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրեն ապրիլի 2-ին ձերբակալել է վեց մարդու, այդ թվում`  Նյու Յորք նահանգի Սենատի անդամ Մալքոլմ Սմիթին եւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ  Դենիել Հելլորանին: Նրանց կասկածում են դավադրության մեջ` քաղաքապետի ընտրությունների վրա ապօրինի ազդելու համար: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով NBC News-ը:

Մյուս ձերբակալվածների թվում են Նյու Յորքի շրջանների Հանրապետական կուսակցության բաժանմունքների երկու նախագահները: Ջոզեֆ Սավինոն գլխավորում էր կուսակցական կազմակերպությունը Բրոնքսում, իսկ Վինսենթ Թաբոնը` Քունիսում: Ձերբակալվել է նաեւ Նորամի Ջեսմինը` Ռոքլենդ շրջանի Սփրինգ-Վելլի բնակավայրի քաղաքապետը եւ նրա տեղակալը, հայտնում է The New York Times-ը:

Իրավապահների տվյալներով, Սմիթը` ով Դեմոկրատական կուսակցության անդամ էր, պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից: Դրա համար նա պետք է ստանար երեք շրջանային կազմակերպությունների ղեկավարների հավանությունը: Սմիթը, ըստ քննության, փորձել է դա անել ապօրինի եղանակով, վճարել է Հելլորանին, որ հանդիպում կազմակերպի կառույցների ղեկավարների հետ, որոնք պատրաստ էին կաշառքի դիմաց աջակցել նրան:

Կոռուպցիոն գործարքը հնարավոր է եղել կանխել ՀԴԲ-ի գաղտնի գործակալի շնորհիվ: Սմիթի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը հերքում է բոլոր մեղադրանքները: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները պետք է կայանան 2013թ. նոյեմբերին: