Խոսակցությունները, թե նախկին գործարար Արկադի Վարդանյանը կապեր է ունեցել արդեն հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկիի հետ, անհիմն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրապարակախոս, նախկին գործարար Արկադի Վարդանյանը: «Բացարձակապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են իմ անունը կապում հենց Բերեզովսկիի հետ»,-ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ ինքը բիզնեսով չի զբաղվում ոչ Ռուսաստանում, ոչ՝ Եվրոպայում, որտեղ ապրել է 2001-2009 թվականներին: «Ես ստիպված էի հեռանալ Ռուսաստանից եւ ապրել եմ Իսպանիայում, որտեղ շարունակում է ապրել իմ ընտանիքը: Ես ինքս 2009-ին վերադարձել են Հայաստան եւ զբաղվել հրապարակախոսությամբ, որովհետեւ չկարողացա տանել երկրում ստեղծված իրավիճակը»,-հայտարարեց Վարդանյանը՝ հավելելով, որ պաշտպանում է ոչ այնքան նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, որքան հասարակական գիտակցության վերածնունդը: «Հարցը մի մարդ չի լուծելու, լինի Շուրիկը, Վիլիկը, թե՝ Վանիկը, այլ ողջ հայ ժողովուրդը, եթե կամք դրսեւորի ազատվել այս ամոթալի վիճակից, որում գտնվում է»,-ասաց նա:
Նախկին գործարարի խոսքով՝ հիմա բոլորովին ցանկություն չունի Հայաստանում բիզնեսով զբաղվել, Եվրոպայում եւս ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրել է:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականներին Արկադի Վարդանյանը Ռուսաստանում զբաղվել է գործարարությամբ, իսկ 2000-ականնների սկզբին ընդդիմադիր գործունեություն է ծավալել Հայաստանում, որից հետո լքել է Հայաստանը:




























