Սերբիայի եւ Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում չեն կարողացել պայմանավորվել հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը:

«Առաջիկա օրերին կայանալու է բանակցությունների վերլուծում եւ քննարկում: Որոշ կետերով նախկինի պես հեռու ենք իրարից, բայց եղել է որոշակի առաջընթաց»,- ասել է նա լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաչիչը, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին եւ Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մի քանի երկկողմ եւ եռակողմ բանակցություններ են վարել, որոնք ընդհանուր առմամբ տեւել են 12 ժամ:

Կոսովոյի կարգավիճակը չի քննարկվել: Կողմերը փորձել են պայմանավորվել Կոսովոյում սերբական համայնքների ապագա լիազորությունների շուրջ: Սերբիան հնարավորինս լայն լիազորությունների է ձգտում նրանց համար, մինչդեռ ալբանացիները կարծում են, որ դա սպառնում է սահմանադրական կարգին: