Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու ԿԲ նախագահ Պանիկոս Դիմիտրիադիսն անհայտ անձանցից սպառնալիքներ են ստացել այն բանից հետո, երբ որոշել են երկրի 2 խոշոր բանկերում 100 հազար եվրոյից ավելի ներդրումների մի մասը դուրս գրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, հայտնել է Կիպրոսի «Սիգմա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Պոլիտիս» թերթի խմբագրություն ստացված «հռչակագիրը», որն ստացվել է, այսպես կոչված, «ավանդների փրկության խմբի» կողմից:

Թռուցիկներում հստակ սպառնալիքներ կան երկրի նախագահի եւ ԿԲ նախագահի, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների հասցեին: «Մենք ձեզ զգուշացնում ենք, որ կատակ չենք անում: Մենք կսկսենք ձեր թոռներից, ապա կզբաղվենք ձեր երեխաներով, իսկ ձեզ կթողնենք ամենավերջում, որպեսզի նույնպիսի ցավ զգաք, ինչպիսին մենք ենք զգում: մենք ոչ մի կուսակցության կամ կազմակերպության չենք պատկանում, բայց մենք երդվում ենք, որ դուք մեռնելու եք»,-ասված է թռուցիկում, որի հեղինակները պահանջում են «անհապաղ դադարեցնել ավանդների կրճատումը»,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խումբն ընդգծել է, որ իրենց կազմում «կան պրոֆեսիոնալներ, որոնց ծառայությունները լավ վարձատրվում են, ովքեր չեն վախենում Աստծուց եւ նրանց հետաքրքրում է միայն փողը»: «Մեր խումբը գործում է ողջ Կիպրոսում եւ պատժելու է բոլորին, ով մեզ հասցրել է ներկա վիճակին»: