ԵՄ-ն շարունակում է պնդել, որ Ադրբեջանը եւ Հայաստանն աշխուժացնեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում համաձայնության հասնելու հարցում: Այդ մասին «The Business Year» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է ԵՄ-ի նախագահ Հերման վան Ռոմպոյը, հայտնում է Trend-ը:
Ըստ նրա` Մադրիդյան սկզբունքները խաղաղության իրական հիմք են` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ երկու երկրների ղեկավարների ստանձնած պարտավորություններին համապատասխան: Ռոմպոյը նաեւ նշել է, որ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրացումից: «Սպառնալիքները եւ ուժ գործադրելը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»,– ասել է Ռոմպոյը:
Ըստ նրա` ԵՄ-ն սատարում է ՄԽ-ի եւ նրա համանախագահների ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղու որոնման հարցում: Ըստ Ռոմպոյի` անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է հատուկ օգնություն տրամադրել՝ վստահություն ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:
Ռոմպեյը նշել է, որ համաձայնության ձեռքբերումը ժամանակ է պահանջում: Ըստ նրա` վստահության ձեռքբերումը հակամարտության կարգավորման առաջին քայլն է: «Առանց վստահության խաղաղություն երբեք չի լինի»,– հավելել է Ռոմպոյը:




























