ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ  անելով ԱՄՆ իշխանություններին` փակել Գուանտանամոյում գտնվող հատուկ բանտը, որտեղ սովահար են լինում ավելի քան 20 բանտարկյաներ, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

«Մենք պետք է հստակ հայտարարենք դրա մասին. ԱՄՆ-ն ակնհայտորեն խախտում է ոչ միայն իր պարտականությունները, այլ նաեւ միջազգային չափանիշներն ու օրենքները, որոնք նա պարտավոր է պահպանել»,- հայտարարել է Փիլեյը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանտում ներկա պահին հացադուլ է հայտարարել 26 դատապարտյալ, որոնցից մի քանիսին հարկադրաբար են կերակրում: Դատապարտյալների փաստաբանները հայտարարել են, որ զինվորականների կողմից  պաշտոնապես ճանաչված  սովահարների թիվն ավելանում է:

Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է բանտը փակելու մտադրությունների մասին, սակայն որոշ սենատորներ դեմ են հանդես եկել այդ մտքին: Կոնգրեսը հրաժարվել է ֆինանսավորել նախագիծը: Տվյալ բանտի փակումը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկը` դեռ առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: