Հյուսիսային Կորեայում օտարերկրացի դիվանագետները պաշտոնապես նախազգուշացվել են տեղի իշխանությունների կողմից, որ ապրիլի 10-ից սկսած նրանց անվտանգությունը չի երաշխավորվում` Կորեական թերակղզում իրավիճակի սրման պատճառով:
Ուրբաթ օրը հյուսիսկորեական ԱԳ Նախարարությունը առաջարկել է Ռուսաստանի, Բրիտանիայի, եւ այլ երկրների դիվանագիտական առաքելություններին երկրից իրենց աշխատակիցներին դուրս հանել` ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի միջեւ լայնածավալ հակամարտության բռնկման դեպքում, հայտնում է ռուսական BBC ծառայությունը:
Բրիտանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են տվյալ տեղեկությունը եւ հայտարարել են, որ գերատեսչությունը մտադիր է քննարկել բոլոր հնարավոր պատասխան քայլերը: Բացի այդ Ֆորին Օֆիսը Փհենյանին հիշեցրել է նաեւ, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի որոշման` տեղական իշխանությունները պարտավոր են ապահովել դիվանագետների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ կորեական սահմաններում իրավիճակը շարունակում է սրվել: Որբաթ օրը` վաղ առավոտյան, Հարավային Կորեան ծով է դուրս բերել երկու հրթիռային նավ, որոնք իրենց վրա կրում են հակահրթիռային պաշտպանական համակարգեր` ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից երկրի արեւելյան ափին հրթիռներ տեղադրելուն:
Հարավային Կորեայում նաեւ գործում է ստորգետնյա կայանի հակահրթիռային համակարգ:
Սեուլը հայտարարել է, որ նշանակություն չի տալիս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների տեղադրման վերաբերյալ հայտարարություններին, եւ համարում է, որ խոսքը վերաբերում է փորձարկումներին, այլ ոչ թե թշնամական գործողություններին:
Չհաստատված տվյալներով` Հյուսիսային Կորեան երկու հրթիռային սարքավորում տեղադրել է արեւելյան ափին, որտեղ տեղակայված է Տոնհե փորձնական ռազմական հրաձգարանը:



























