Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին արտաքին առեւտրի «սենսացիաներից» մեկը կարելի է համարել «պատրաստի սննդամթերքի» ներմուծման աճը` 14,9 մլն դոլարով կամ 1,4 անգամ: Տեղեկատվությունն  իրականում վերաբերում է «պատրաստի սննդամթերք. ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ եւ քացախ, ծխախոտ» ապրանքախմբին: Այսպիսով, ալկոհոլն ու ծխախտոը եւս դասվում են սննդամթերքի շարքին...

Մեր պայմաններում, երբ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանման ծավալները, դժվար է ողջունել այդ «առաջընթացը»: Օրինակ` ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ներմուծումը  2,7 անգամ գերազանցել է արտահանման ծավալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության` ուսումնասիրվող շրջանում երկրում սննդամթերքի արտադրությունն աճել է 17,9%-ով, ալկոհոլային խմիչքներինը` 31,3%-ով, իսկ ծխախոտինը` 3,4 անգամ: Միաժամանակ` մանրածախ առեւտրաշրջանառության ծավալն աճել է «ընդամենը» 5,0%-ով: Իսկ մեզանում ընտանեկան բյուջեի մեծ մասը հենց ծախսվում է սնունդի վրա:

Առաջին հայացքից պարադոքս է թվում, սակայն իրականում ոչ մի նման բան չկա: Նշենք, որ իրացված արդյունաբերական արտադրանքի ծավալում արտահանման մասն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին կազմում է  38,1%` նախորդ տարվա  34,0%-ի դիմաց, ինչը վատ ցուցանիշ չէ: Սակայն այդ դրական ցուցանիշը հիմնականում ապահովում է լեռնարդյունաբերությունը:

Իրական սենսացիան ծխախոտի արտահման ծավալների աճն էր. հունվար-փետրվարին այդ ցուցանիշն աճել է 2,6  անգամ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում` ծխախոտի իրացման ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է  գրեթե 85%:  Այսինքն, տեղական շուկա է  առաքվել տեղական արտադրության ծխախոտի մոտ  15%-ը: Եթե այդ քանակությունը բավարարեր տեղեկան շուկան, ամեն ինչ իդեալական կլիներ, սակայն այդպես չէ:

Տեղական արտադրանքի լայն արտահանման պարագայում  տեղական շուկայի կեսից ավելին` 54,3, ապահովել է հենց ներմուծման հաշվին:  Այնպես որ «պատրաստի սննդամթերքի ներմուծման աննախադեպ աճը» կապված է հայրենական արտադրության զարգացման ինչ-ինչ նրբերանգների հետ:

Ալբերտ Խաչատրյան