ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել ներողություն խնդրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազից, քանի որ նրան անվանել էր երկրի «բոլոր գլխավոր դատախազներից ամենահմայիչը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հինգշաբթի օրը Օբաման ելույթ էր ունեցել Սան Ֆրանցիսկոյում դեմոկրատական կուսակցության համար միջոցներ հավաքագրելու արարողության ժամանակ։ Հանդիպման ընթացքում նախագահը հաճոյախոսել է  Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսին: Նա ԴԿ-ի ակտիվիստուհի է եւ նույնիսկ նահանգապետի հավանական թեկնածու է համարվում: Թվելով Հարիսի մասնագիտական բարձր որակները` նախագահը նշել է, որ նա նաեւ «երկրի գլխավոր դատախազներից ամենահմայիչն է»: Օբամայի այդ խոսքերը միանշանակ չեն ընկալվել: Ոմանք պետության ղեկավարի հաճոյախոսությունն անվանել են  անպարկեշտ, իսկ մեկն էլ նախագահին մեղադրել է սեքսիզմի մեջ: Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվել են, թե ինչպես է ամուսնու ասածին արձագանքել  երկրի առաջին տիկին Միշել Օբաման:

«Հանդիպումից վերադառնալուց հետո նախագահը զանգահարել է գլխավոր դատախազ Հարիսին, որպեսզի ներողություն խնդրի իր խոսքերի պատճառով ելույթի գլխավոր թեմայից ուշադրությունը շեղելու համար: Նրանք  (Օբաման եւ Հարիսը) հին ընկերներ են, եւ Օբաման բնավ չի ցանկացել  նսեմացնել գլխավոր դատախազի մասնագիտական արժանիքները,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: 

Քարնին նշել է, որ պետության ղեկավարն «ընդունում է, որ այսօր կանայք շարունակում են բախվել աշխատանքում դժվարությունների, եւ որ նրանց չի կարելի գնահատել միայն արտաքին տեսքով»: