Արգենտինայի իշխանությունները ֆինանսական օգնություն կհատկացնեն Բուենոս-Այրես նահանգում ջրհեղեղներից տուժածներին, հայտարարել է երկրի նախագահ Քրիստինա Քիրշները` հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին:

Ըստ նրա` ջրհեղեղից տուժած նվազագույն թոշակ ստացող թոշակառուները 4,33 հազար արգետնտինական պեսո միանվագ օգնություն կստանան (850 դոլար) առաջիկա երկու ամսվա ընթացքում: Բացի դրանից,  երեք ամսվա ընթացքում կկրկնապատկվեն  երեխաների եւ հղիության համար նպաստ ստացողների նպաստները, ինչպես նաեւ ընտանեկան սոցիալական  նպաստները: Կավելանան նաեւ գործազրկության նպաստները: Իշխանությունները կարծում են, որ օգնություն կստանա 150 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քիրշները հաստատել է տների վերականգնման համար մինչեւ 50 հազար եւ այլ կարիքների համար մինչեւ 15 հազար պեսոյի վարկեր տրամադրելու իշխանությունների մտադրությունը:

Ըստ վերջին տվյալների` տեղատարափ անձրեւների հետեւանքով  առաջացած ջրհեղեղների պատճառով Արգենտինայում զոհվել է 57 մարդ: Նրանցից 51-ը զոհվել են Լա Պլատա քաղաքում, եւս վեցը` Բուենոս-Այրեսում: