Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իննամսյա ընդմիջումից հետո վերսկսել է հրապարակախոսությունը։ Կառավարական Granma եւ այլ  թերթերում լույս է տեսել Կորեական թերակղզու վիճակի վերաբերյալ նրա էսսեն, հայտնում է Associated Press-ը։

Կաստրոն գրում է, որ այժմ աշխարհում միջուկային պատերազմի այնպիսի սպառնալիք է կախված, որը չէր դիտվում 1962թ. Կարիբյան ճգնաժամի ժամանակներից ի վեր: Ընդ որում, Կուբայի առաջնորդը  զսպվածության կոչ է արել հակամարտող երկու կողմերին էլ: Դիմելով Հյուսիսային Կորեային` Կաստրոն նշել է, որ նրանք աշխարհին արդեն ցույց են տվել իրենց տեխնիկական եւ գիտական ձեռքբերումները եւ այժմ պետք է հիշեն այլ երկրների առաջ իրենց ունեցած պարտավորության մասին:  Ըստ նախկին առաջնորդի` պատերազմն Ասիայում կարող է ոչնչացնել բնակչության  70%-ը: ԱՄՆ-ի վերաբերյալ Կաստրոն գրում է, որ պատերազմի դեպքում նախագահ Բարաք Օբաման կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ-ի «չարաբաստիկ» առաջնորդ, հաղորդում է lenta.ru-ն:

Նշենք, որ Կորեական թերակղզում իրադրությունը սրվել է 2013թ. սկզբին, երբ ԿԺԴՀ-ն միջուկային հերթական փորձարկումներն իրականացրեց, իսկ արեւմտյան երկրներն էլ խստացրին նրա նկատմամբ պատժամիջոցները: Փհենյանը խզեց հարաբերությունները Սեուլի հետ, եւ, ըստ արեւմտյան  հետախուզական ծառայությունների տվյալների, պատերազմի է պատրաստվում: