Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Թամամ Սալյամին հանձնարարել է ձեւավորել երկրի կառավարությունը, շաբաթ օրը հայտնել են պետության ղեկավարի գրասենյակից: «Նախագահ Միշել Սուլեյմանը Սալյամին հանձնարարել է կառավարություն ձեւավորել», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: Ուրբաթ օրը հաղորդվել էր, որ վարչապետի պաշտոնին հավակնող սունի քաղաքական գործիչ Թամամ Սալյամը վայելում է Լիբանանի խորհրդարանի անդամների մեծամասնության աջակցությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին մարտի 22-ի երեկոյան պաշտոնապես հայտարարել էր իր կառավարության հրաժարականի մասին: Ըստ Միկատիի` կառավարության հրաժարականը հնարավորություն է տալիս ազգային երկխոսության նոր փուլի վերսկսման համար, որը «խիստ անհրաժեշտ է երկրում քաղաքացիական խաղաղության եւ համերաշխության պահպանման համար»: Վարչապետ Միկատին նաեւ հավելել է, որ հրաժարականի մասին վճիռը կայացրել է իր հարազատ Տրիպոլի քաղաքի իրադարձությունների հետեւանքով, որտեղ «շարունակվում է արյունահեղությունը»:




























