Ֆրանսիական Բուշ դյու Ռոն դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսիեն, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը եւ սենատոր Սոֆի Ժուասենը, որոնք ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի անդամ են, ապրիլի 5-ին  հանդիպում են ունեցել Մարսելում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, հաղորդում է  «Nouvelles d'Arménie»-ին:Նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են ԼՂՀ հետ  բարեկամության խումբը, որը ներկայումս տասնհինգ անդամ ունի:

Նրանցից շատերն Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել` Ղարաբաղ այցելելու համար: «Ժողովրդավարությունը, ազատությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը սկզբունքներ են, որին ձգտում է խումբը, որը ցանկանում է նաեւ Լեռնային Ղարաբաղը դուրս բերել մեկուսացումից»,-ասել է Վալերի Բուայեն:«Այս նախաձեռնությունը մարդասիրական եւ խաղաղ մոտեցման մաս է: Այնտեղ մեր եղբայրները` քրիստոնյա հայեր են բնակվում, ովքեր մոտ են մեր եվրոպական արժեքներին: Անհրաժեշտ է օգնություն եւ աջակցութուն ցուցաբերել Լեռնային Ղրաբաղին: Մենք անվտանգություն ենք ցանկանում այդ տարածաշրջանում եւ աջակցում ենք Մինսկի խմբին»,-ասել է Գի Տեսիեն:

Վալերի Բուայեն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը` բերելով Սաֆարովի օրինակը եւ մատնանշելով այն նշանակալի ռեսուրսները, որը Բաքուն ծախսում է միջազգային քարոզչության վրա: Նա ափսոսանք է  հայտնել Ֆրանսիայի նախագահի կողմից Փարիզում Ադրբեջանի նախագահ Ալիեւին ընդունելու առնչությամբ, ինչպես նաեւ դատապարտել է Ադրբեջանին Ֆրանսիայի Ազգային ժողովում սադրանքի համար:Դիդիե Փարաքյանն իր հերթին  ընդգծել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուղիղ հաղորդակցության կարեւորությունը: «Անցած տարի մենք վեց ժամ ծախսեցինք Երեւանից Ստեփանակերտ հասնելու համար: Դա լուրջ խոչընդոտ է Ղարաբաղի զարգացման համար: Անհրաժեշտ է, որ վերջապես Ստեփանակերտի օդանավակայնը բացի դռները»,-ասել է նա: