Չեռնոգորիայի նախագահի երկու թեկնածուներն էլ, ապրիլի 8-ի գիշերը հայտարարել են ընտրություններում իրենց հաղթանակի մասին: Երկրի ԿԸՀ-ն հրաժարվել է հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները:
Ինչպես հաղորդում է Euronews-ը՝ վկայոկոչելով տեղի լրատվամիջոցները, սոցիոլոգիական ծառայությունները exit polls չեն անցկացրել ընտրատեղամասերի մոտ:
Եւ գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը, եւ ընդդիմադիր գործիչ Միոդրագ Լեկիչը հայտարարել են աննշան առավելությամբ իրենց հաղթանակի մասին: Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցության գնահատմամբ՝ իրենց թեկնածու Վույանովիչը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 51,3 տոկոս ձայն: Ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածու Միոդրագ Լեկիչն ստացել է 50,5 տոկոս ձայն: Երկու թեկնածուներն էլ հայտարարում են, որ օգտվել են ընտրական տեղամասերից վերցված արձանագրություններից:
Մասնակցությունն ընտրություններում եղել է 60 տոկոս:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Վույանովիչը խոստանում է ժողովրդարական բարեփոխումներ իրականացնել եւ երկիրն ինտեգրել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Նրա մրցակիցը, ով դիվանագետ է եղել Սլոբոդան Միլոշեւիչի իշխանության տարիներին, խոստացել է հաղթանակի դեպքում իշխանական կառույցների բարեփոխում իրականացնել, որից հետո հնարավոր կլինի փոխել կառավարությունը:




























